Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/13

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՊԱՌԱՎԻ ՀՈՐԹԸ

Ձյուն էր գալիս փաթիլ-փաթիլ,
Հետն էլ անձրև կաթիլ-կաթիլ.
Այս միջոցին մի պառավ կին
Հորթ էր փնտրում դաշտի միջին։

Կովը եկավ տավարիցը,
Կուրծ ու ծըծեր կաթով լիքը՛
«Հորթուկս ո՞ւր է»,— նա բառաչեց,
Խեղճ պառավին լացացըրեց։

Մինչդեռ այսպես պառավ ու կով
Ողբում էին լաց ու կոծով,
Հանկարծ լսվեց մի բարակ ձայն,
Կովն իմացավ, որ հորթն է այն։

Կովը վազեց բառաչելով,
Պառավն ետքից տընքտընքալով,
Կորած հորթը մորը գտավ,
Լիք ծըծերը բերանն առավ։

Ծըծեց բոլոր կաթն ու տկզեց,
Տանտիկնոջը բան չըթողեց.
Բայց պառավը այս անգամին
Սիրով ներեց չար հորթուկին։

1882


ԱՄԻՍՆԵՐ ԵՎ ՉՈՐՍ ԵՂԱՆԱԿ

Մարտը տալիս է ձնծաղիկ,
Ապրիլը կապույտ մանուշակ,
Մայիսին բացվում է վարդը,
Սոխակն երգում անուշակ։