Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/138

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ջրատար ազգ ենք. մեզանից եթե հազարից մեկը ծաղկե, էն էլ մեծ բան է… Հասկանո՞ւմ ես իմ ասածը, տերտեր ջան…

— Ինչպե՞ս չեմ հասկանում, օրհնված, դու հենց մեզ ամենքիս էլ երեխի տեղ ես դրել…

— Դե որ հասկանում ես, էլ ի՞նչ ասեմ, «զի որ ունիցի ականջս չսելո, լվիցե»: Ասած է. «Ականջը նրա համար չի շատ մեծանում, որ շատ բան է լսում»: Ես շատ խոսեցի, հոգնեցա. ի՞նչ անեմ էրված տեղեր ունեմ, ասած է՝ «Դարդ ունեցողը յանգշաղ կլինի»: Հիմի ես մի տեսակ յանգշաղ եմ դառել. հույս ունիմ, որ դու կներես, տեր հայր… Սոփիս ջան, շուտ արա, սուփրեն գցիր…

Զ
ՔՈԻՅՐ ՈԻ ԵՂԲԱՅՐ

Երբ որ Օսանան եղբորը տարավ իր մոտ, սկսեց պատմել նրան, թե՝ ի՞նչ են դառնում գյուղից քաղաք եկողները, թե՝ քաղաքի ուսումնարանները լավ են, սովրեցնում են մի քանի լեզու. թե՝ շատ անգամ գյուղից աղքատ երեխեք են գալիս և ուսում առնելով՝ դառնում են վարդապետներ, գրագիրներ, չինովնիկներ. թե ինչպես նրանք հարուստ մարդի աղջիկ են ուզում և իրանք էլ հարստանում, թե ինչպես այս և այն անձ աղա է դառել, որ էլ ոչովի չի հավանում, մոռացել է իր ստոր ծագումն ու չքավորությունը…

Այսպես՝ երբ տան մյուս անդամները գնացել էին իրանց գործին, քույր ու եղբայր առանձնացած՝ մտածում էին, թե ի՞նչպես լավ կլիներ Արութունի համար - մնա՞լ քաղաքումը, թե՞ էլի ետ դառնալ դեպի գյուղ:

— Չէ՛, լավ կանես, որ էլ գեղը չգնաս,— ասաց Օսանան.— էնտեղ ինչ պետք է սովորես. էդ տերտերն ինքն ի՞նչ գիտե, որ քեզ ինչ սովրեցնե…

- Էդ մի՛ ասիլ,— պաշտպանեց Արությունը իր տերտերին,– էդպես տերտեր էս քաղաքումը չի լինիլ. դա մեկ անհայտ փիլիսոփա է. կաթողիկոսը որ գիտենա, դրան եպիսկոպոսի խաչ կտա…