Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/145

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Հայկաբանության ուսուցիչն ևս գոհ էր Արությունից, քանի որ նա դեռ լավ չէր ցույց տվել իր գրաբարագիտության աստիճանը: Բայց մեկ անգամ մի աշակերտ սխալվեցավ, և երբ վարժապետը հանդիմանեց նրան, որ ինքն այդպես չի ասել, փոքրոգի աշակերտը՝ իր հանցանքը թեթևացնելու համար՝ զրպարտեց Արությունին, թե՝ ինքն անցյալ դասին ներկա չի եղել, դիմել է Արությունին, և նա այդպես է սովորեցրել:

— Հա՜, ուրեմն բացի ինձանից այստեղ ուրիշ վարժապետ էլ կա,— բացականչեց վարժապետը և Արությունին դուրս կանչեց գրատախտակի մոտ, որ մի փորձով իր գիտությունը նրա անգիտությունովը փայլեցնե: Վարժապետն ինքը մի նախադասություն գրեց և լուծել տվավ բառ առ բառ իբրև մասունք բանի: Նախադասության բայի դեմքը ուղիղ չասաց Արությունը: Բայն էր «ասէն»: Արությունը ուշ չդարձնելով է գրի վրա, ասաց՝ ասէն՝ բայ, ներգործական, հոգնակի երրորդ դեմք»… Վարժապետն էլ այդ էր ուզում: Էլ չստիպեց, որ Արությունն ուշադրություն դարձնե բայի կազմության վրա, և ոչ գրաբար նախադասությունը աշխարհաբարի դարձնել տվավ նախապես, որով կիմացվեր, որ բայը եզակի է և ոչ հոգնակի, թե՝ նուն դիմորոշ տառ է. ոչ այս արավ և ոչ այն, այլ հանկարծ Չամչյանի ահագին քերականությունն այնպես թրխկացրեց Արությունի գլխին, որ նա վայր ընկավ ուշաթափ: Աշակերտներն իսկույն ջուր հասցրին, ածեցին վրան և այնքան շատ ածեցին, որ շինեցին մի անձրևի տակ ընկած լխպոր ճուտ: Դրանով վարժապետի գազանությունը չմեղմացավ, բայց Արությունի սիրտը քիչ էր մնում տրաքեր, իր կյանքում առաջին անգամ ստանալով վարժապետից մի պատիժ և այն էլ այդպես խիստ ու բարբարոսաբար: Նրա պատվասիրությունը սաստիկ վիրավորվեցավ և այնուհետև սկսեց ատելով ատել այդ վարժապետին:

Հայկաբանության այդ վարժապետից շատ վախենում էին բոլոր աշակերտները և շատ էլ ատում նրան: Դա վարժապետ էր և միևնույն ժամանակ գիշերօթիկ ավագ վերակացու: Դա մի խաչագող էր Թմբուլ գյուղից: Իր ուսումն ավարտել էր միևնույն Ներսիսյան դպրոցումը, բայց դպրոցը նրան չէր բարոյականացրել, այլ ավելի ևս անբարոյականացրել էր: Նա ուսում չառած՝ գուցե մի անշնորհք խաչագող կլիներ, ոչ այնքան վտանգավոր, բայց այժմ նա ավելի էր ճարպիկացել և ավելի հնար ուներ վտանգավոր լինելու: