Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/147

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մանվելը, և հարցաքննություն տալու համար սկսեցին պատրաստվել տանը։ Մի քանի հայ աշակերտներ գիմնազիայի վեցերորդ դասարանից դաս էին տալիս նրանց ձրիաբար։ Այս ժամանակ ահա մեր տղայոց համար, մանավանդ Արությունի, բացվեցավ մի նոր աշխարհ։
Ուսուցանող ուսանողները մի առավելություն ունեին պաշտոնական վարժապետներից, և այդ այն էր, որ նրանց հարաբերությունն ընկերական էր, նրանց ուսուցումը մի օգնություն էր։ Այստեղ ուսանողի ազատ մտածմունքը չէր ընկճվում, այստեղ զարգանում էր նրանց ինքնօգնությունը. այստեղ աշակերտի մտքի զբոսանքն արգելքի չէր հանդիպում. նա չէր դրված մի նեղ վանդակի մեջ, այլ մի ընդարձակ պարտեզի՝ ուր ամեն ծաղկից հոտ առնելու իրավունք ուներ և կարող էր ընտրել իր ուզած ծաղիկը։ Ճշմարիտ է, սա մի շեղմունք է, որ կարող է հեռացնել մտադրյալ նպատակակետից, բայց աճելությունն այստեղ բնական է և կատարյալ։ Նպատակակետին չհասնելը կամ ուշ հասնելը մի դժբախտություն չէ, այլ բախտավորություն, որովհետև նա արհեստական է ու շինծու և չի համապատասխանում մարդուս բնականապես զարգանալու օրենքներին:
Ուսուցանող ուսանողներն իրանք ցանկանալով ավելի լավ յուրացնել իրանց սովորածը, ցանկանալով վարժվել նաև դասավանդության մեջ, ճշմարիտ է, խամություն շատ էին անում, նոր փորձեր էին փորձում, բայց առհասարակ պարապում էին շատ բարեխղճաբար։ Ազատ և տոն օրերին էլ ավելի շատ հոզով զբոսնելու էին գնում միասին, և այդ ժամանակն էլ նրանց խոսակցությունը մեծ մասամբ լինում էր կրթական, օրինակ՝ բացատրություն բնության այս կամ այն երևույթի, մի պատմական անցք, մի երևելի մարդու կենսագրություն, մի նոր գյուտի պատմություն, դատողություն ժողովրդի մեջ արմատացած նախապաշարմունքների մասին, որ նրանց ավելի հեռու էր տանում, և սկսում էին հեշտությամբ լուծել վերացական շատ խնդիրներ, առանց կասկածելու, որ նրանց վրա շատ փիլիսոփաներ են գլուխ կոտրել և գտել են անվճռելի: Ուսման հոտը մատաղ գլուխներն էր ընկել և մի քիչ հարբեցրել։
Հիմա պետք է երևակայել, թե ինչ կզգար այժմ Արությունը Ալբերտի ասավածաբանության տակ ճնշվելուց հետո։ Ի՞նչ կզգա մեկը, երբ չոր ու ավազոտ անապատում երկար թափառելուց հետո՝