Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/148

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ընկնի մի դալար հովիտ՝ լի ականակիտ աղբյուրներով, հոտավետ ծաղիկներով, բնության ամեն բարիքով և կենդանությունով,— ահա այսպիսի մի զգացումն տիրեց Արությունին: Բնություն և մարդ, որոնք մի բառով կարող են և կյանք անվանվել,— ահա այդ կյանքը չուներ նրա ստացած ուսմունքը: Բնագիտության անխախտ օրենքները, թվաբանության ճիշտ կանոնները, պատմության երևելի անցքերը, աշխարհագրության գեղեցիկ նկարագրությունները, բանաստեղծական սրտաշարժ գրվածքները, թեև փոքր սահմանի մեջ, իբրև մի փնջիկ միայն, բայց բավական է մի մատաղահաս և դեռ փոքր գլխի մեջ ահագին հեղաշրջում ձգելու:

Ես Արությունին այդ ժամանակ,— գուցե և անհարմար, չհոգեբանական,— նմանեցնում եմ աղբով պարարտացրած մի հողի, որի մեջ ընկած ամեն մի բեղմնավոր սերմը կարող էր միույն հարյուր տալ: Հիրավի՛, ի՞նչ էին նրա մինչև այս ժամանակ սովորածները, ստացած տպավորությունները, հավաքած տեղեկությունները, լսած առարկաներն ու առասպելները, եթե ոչ ճշմարիտ ուսմունք աճեցնելու համար շատ օգտակար աղբ, որ եթե առանց բարի սերմի մնար, մոլախոտ կբուսցներ և կապականեր նրա ուղեղը: Ոչ ոք իր միտքը չի հեղաշրջիլ, եթե հեղաշրջելու ոչինչ չունի նա իր մտքումը:

Գիտությունով ճոխանալու պահանջն այնքան սաստիկ էր Արությունի մեջ, որ նա թեև դեռ անորոշ ու մութ, զգաց, որ մարդս կատարյալ մարդ չէ, եթե նա չէ զարգացած մտավորապես այնքան, որքան որ ընդունակ է զարգանալու մարդ արարածը իր ժամանակին: Բախտավորապես աճելության ընդունակ դարձած լավ միտք ուներ ինքը, թե ի ծնե և թե ծննդից հետո: Գտնվեցան մարդիկ, որ թեև անգիտակցաբար, այդ մտքի մեջ ձգեցին բեղմնավոր սերմեր: Ասում եմ՝ անգիտակցաբար, որովհետև շատ անգամ քամին ու ջուրն էլ են մի սերմ մի տեղից մյուս տեղ փոխադրում, շատ անգամ թռչուններն էլ են միևնույն պաշտոնը կատարում: Շատ վարժապետներ ոչ այլ ինչ են, եթե ոչ մի տեղից մյուս տեղ մի սերմիկ փոխադրողներ:

Քանի որ ուսումը տրվում և ստացվում է փոխառփոխ, այդտեղ գլխավոր առարկան անուշադիր է մնում, այն է՝ անհատի զարգացումը, նրա մտքի բեղմնավորվիլը: Մանկավարժությունը ձգտում ունի այդ նպատակին հասնելու, բայց դեռ հասած չէ. որովհետև