Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/149

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ժողովոլրդների դաստիարակության ղեկը մանկավարժության ձեռին չէ. նա մի հրամանակատար է միայն, ինչ լավ բան որ անում է՝ թաքուն է անում… Առայժմ քանի որ անհատը կարող է զարգանալ միայն ինքն իրան, իր ներքին ուժովը, բավական է, եթե մանկավարժը սանիկի այդ ներքին ուժերը չթուլացնե, ինչպես որ թուլացնում են մեր ժամանակումը՝ մանուկների թույլ ուսերի վրա բարձելով անտանելի և անկրելի բեռն, որի տակ նրանք ընկճվում, ոչնչանում են։

Համադամ կերակուրները ո՞ւմ չեն դյուր դալ, բայց դրա համար քաղց և ախորժակ է պետք, այլև մարսելու ընդունակ մի ըստամոքս։ Արությունն ուսման քաղց և ախորժակ ուներ. նա անխտիր կուլ էր տալիս ամեն ինչ և մարսում էր։ Բայց այդպես չէր Մանվելը. նա, ինչպես կասեն՝ «ցեխծամ» էր տալիս. ուտում էր ակամա և չէր էլ մարսում։ Նա շատ էր սիրում, որ բերանացի նրան պատմեն զարմանալի, հրաշալի, զվարճալի և առհասարակ սրտի վրա ազդող բաներ, բայց միտքը լծի տակ չէր դնում։ Միտքը հոգնեցնելու, վարժելու, ինքնուրույնաբար մի բան սովորելու տրամադրություն չուներ։ Սրա հակառակ Աթությունը մի բանի համառոտը լսելով` նրա րնդարձակն ինքն էր սովորում, նրա այս տրամադրությանն այնքան կրթվեց և զարգացավ, որ ինքն իր վրա բարկանում էր, երբ ուրիշներից էր լսում այն, ինչ որ կարող էր ինքն էլ գիտենալ ու ինքն ասեր նրան։ Վերջապես Արությունն «ասողիկ» էր, ձգտում ուներ ասող լիներ՝ քան լսող, իսկ Մանվելն այդ նախանձի ցավը չուներ. նա տրամադիր էր միայն լսելու և դրանում էր գտնում նա իր ցանկության լրումն։ Մտքերի այս տարբերությունը նրանց ավելի էր մոտեցնում և օրեցօր ավելի սերտ սիրով կապում։ Մանվելը հիանում էր Արությունի ընդունակությունով և նրան պաշտելու չափ սիրում։ Արությունն էլ, տեսնելով Մանվելի առ ինքն ունեցած անկեղծ սերը՝ երջանիկ էր համարում իրան, որ մի համակրող ունի և փոխադարձաբար սիրում էր նրան, միայն ինքն իշխող էր հանդիսանում միշտ, իսկ Մանվելն իշխված։ Բայց այդ թվելի չէր ոչ մեկին և ոչ մյուսին, որովհետև հառաջ էր գալիս բնականապես և ոչ գիտությամբ։ Երկուսն էլ ազատ էին ցուցամոլությունից, սնափառությունից և ապրում էին ինչպես մեծ ու փոքր եղբայրներ։