Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/151

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

դու լավ ասացիր՝ ծնվածները բոլորն էլ մեռնում են։ Եթե համարենք, որ մարդ շա՜տ, շա՜տ որ ապրի, հարյուր տարի պիտի ապրի, եթե դրանից վաղ մեռնողներին չհաշվենք էլ, էլի բանից դուրս է գալիս, որ մեզանից հարյուր տարի առաջ սկսած մինչև աշխարհիս ստեղծվիլը ինչքան որ ծնվածներ են եղել, բոլորն էլ մեռել են… Օ՜հ… իրավ որ, ինչքա՜ն շատ պիտի լինին մեռածները։ Զարմանալի մարդ եմ ես, Արություն, սրանից հեշտ բան չի լինիլ, բայց չեմ կարողանում իսկույն հասկանալ։ Մի աշակերտ էլ էն օրն ինձ մի բան հարցրեց, չիմացա, հետո տեսա, թե ինչքան հեշտ է եղել։

— Ի՞նչ հարցրեց.

— Մի հասարակ խնդիր։ Ասում է՝ «Եթե հայրը քսանհինգ տարեկան է, իսկ որդին՝ մեկ, քանի՞ տարուց հետո որդին հոր տարիքի կիսին կհասնի, եթե միասին ապրելու լինին»։ Ասեցի՝ էդ ինչպե՞ս կարելի է։ Հետո որ բացատրեց, նոր իմացա, որ կարելի է եղել։

— Իհարկե կարելի է։ Երբ որ որդին հոր ներկա տարիքին հասնի, նրա կիսի չափ հասակ կունենա, որովհետև հայրը կդառնա հիսուն տարեկան, իսկ որդին՝ քսանհինգ, որ հիսունի կեսն է։ Բայց քեզ որ անհնարին է թվացել, դրա պատճառն էն է, որ դեռ կիսի ու քանիպատիկ լինելու վրա չես մտածել, այլ թե՝ հայրը հիմի քսանհինգ տարով մեծ է որդուց, միշտ էլ էնքան մեծ կմնա..

— ճշմարիտ ես ասում, հենց էդպես էի մտածում, էլի միտս չեկավ, թե մի թվի մեկէլ թվից քանիսով շատ լինելն ուրիշ է, քանիպատիկ մեծ լինելն ուրիշ։ Էդ հետո իմացա, բայց էլ ի՞նչ կօգներ… Գիտե՞ս ինչ կա, Արություն, ես թվաբանության վրա շատ էլ չեմ մտածում, բան է էլի՜, թե որ կսովորեմ, լավ, թե որ չէ, մի մեծ զրկողություն չի լինի ինձ համար…

— Բա էլ ուրիշ ինչի՞ վրա ես միտք անում։

— Ես մտածում եմ, թե ինչպես անեմ, որ սատանի հավատը չքացնեմ…

— Ինչպե՞ս թե «սատանի հավատը», երևի ուզում ես ասել՝ «սատանին հավատալը».․․.

— ֊Իհարկե՝ սատանին հավատալը. թե չէ՝ սատանան ի՞նչ հավատ ունի, որ չքացնեմ…

– Հետո՞, ինչպե՞ս ես չքացնելու