Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/152

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

- Ահա՛ ինչպես։ Երբ որ մենք հավատում ենք էնպես բաների, որ աներևույթ են, գերբնական են, մենք չենք կարող ոչ տեսնել ինքներս, ոչ ցույց տալ ուրիշին,— պետք է էն ժամանակ հավատանք միայն էն էակներին, որ մեզ օգուտ են տալիս, իսկ վնասակարներին չհավատանք, հերքենք, չընդունենք։ Օրինակ՝ ասում ենք՝ սատանա էլ կա, հրեշտակ էլ։ Սատանան մեր թշնամին է, հրեշտակը՝ մեր բարեկամը։ Եթե հրեշտակը ճշմարիտ որ մեզ լավություն է անում, մեր աղոթքը երկինք է հասցնում, մեզ չարից, փորձանքից ազատում է, մեր հոգին սատանի ձեռից խլում է, արքայություն տանում, թող ուրեմն էդ բարի հրեշտակի կյանքը երկար պահի մեզ համար աստված։ Բայց սատանան, որ միշտ մեզ խաբում է, փորձանքների մեջ է գցում, որ մի ահագին լեգեոն ունի մեզ համար, էլ քաջք ասես, դև ասես, աչք, խթեթիշ, մեզնից լավեր… Թող ինքն էլ, դրանք էլ չքվին անհետանան, չքվին մեր մտքից, լեզվից, գրից․ որովհետև դրանց հավատալը մեզ վնաս է տալիս և ոչ օգուտ։ Մի բան որ իսկապես չկա, էլ ինչո՞ւ ենք հավատում, քանի որ էդ հավատալովը մենք մեզ համար մի նոր ցավ ենք ստեղծում, մի նոր պատիժ…

- Մանվել, դու դեռ քու օրումը էդպես խելոք բան չէիր մտածել։ Ես ու իմ աստվածը՝ շատ լավ ես ասում, շատ ուղիղ։ Իհարկե՝ մարդուս տունը շինողն ու քանդողը նրա հավատն է։ Սուտ հո չի՞ գրած Ավետարանի մեջ, թե «Ըստ հավատոց քոց եղիցի քեզ»։

- Հիմի դու ականջ դիր, ես էդ հավատալու վնասն ասեմ։ Մեր գեղի տղերքը շատ քաջ, շատ աներկյուղ են, ոչ թրից ետ կկենան, ոչ սրից. մի տասը տարեկան երեխի էլ որ ասես, առյուծի բերան կընկնի, մի խոսքով՝ տղերք եմ ասում, որ Սամփսոնը քեզ օրինակ։ Բայց էդ սրտոտ տղերքը գիշերները գերեզմանատան կամ մի քանդված եկեղեցու մոտով անց կենալիս, որ մի ցից քար են տեսնում կամ մի շվաք, էդ հասարակ բաները նրանց աչքումն էն պես բաներ են դառնում, որ չափազանց երկյուղից սիրտները ճաքում է, լեղիները պատռվում, մի քանի օր չի քաշում, մեռնում են։ Հետո ասում են՝ սատանեն տվել է, այսինքն խփել է։ Ասում էլ են, թե խփած, տեղը մեռելի վրա երևում էր, կապտել սևացել էր։ Էս չիք սատանեքը գործակալներ էլ ունին․ գիտե՞ս ովքեր են դրանց հրամանակատար գործակալները։

- Չէ՛։ Էդ չեմ իմացել։