Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/153

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Դու որտեղի՞ց կիմանաս. ես եմ նրանց անունը սատանի գործակալ դրել. նրանց ասում են՝ ջինդար, ջադուքյար, փալչի, գրբաց, թասի մտիկ տվող…

— Հա՜, դրանք գիտեմ ես։

— Բայց գիտե՞ս դրանք ինչպես են խաբում ժողովրդին, ինչքան վնաս են տալիս։ ժողովուրդը ինչպես որ սատանին է հավատում ու մտքովը չի անցկացնում, որ սատանա չկա, էնպես էլ դրանց ասածին ու արածին է հավատում։ Մեկ անգամ մեր գեղը մի գրբաց էր եկել, «բախտի» գիր էր անում մի երկեն զոլոլակ թղթի վրա ու հինգ-հինգ մանեթով ծախում։ Մեր մարդիկն էլ առնում էին մեջքներին, կռներին կարում, որ բախտները բանի, լեզուները կտրուկ ըլի, խոսքերն անց կենա մողրովի մոտ, դիվաններումը։ Իհարկե ոչինչ էլ չէր լինում, ամեն տեղից քոթկում դուրս էին անում, բայց նրանք էլի չէին կարծիք տանում, որ գրբացի թուղթը ոչինչ գոյություն չունի։ Էդ ջինդարը մեկ երկու մարդի էլ ասել էր, թե ես որտեղ որ հին ժամանակներում թաղած փող ըլի, կգտնեմ։ Մեր շուտ ու հեշտ հարստանալ ուզեցողներն էլ հավատում են. ջինդարին տանում են մի հին գեղատեղ, ասում են՝ էստեղ պետք է որ շատ փող ըլի, քարով որ խփում ենք, դընգդընգում է. դե գտիր, երեք բաժին կանենք, մեկը քեզ, երկուսը մեր չորս հոգուն։ Ջինդարն ասում է.— ես դեղեր պետք է առնեմ, պետք է ճաշ պատրաստեմ դևերի համար, նրանց սիրտը շահեմ, որ նրանք էլ իմ խնդիրքս կատարեն։ Բերեք մի երեսուն մանեթ տվեք, եթե սուտ դուրս գամ, ձեր փողն էլի ետ ձեզ կտամ, դեռ մեկ էնքան էլ կավելցնեմ վրան։ Մեր մարդիկը գնում են մի տեղից պարտք անում երեսուն մանեթը, բերում տալիս նրան։ Նա էլ մի երկու օրից հետո նրանց հետ գնում է առաջվա տեղը, մի թղթի վրա մի քիչ բան է գրում ու շպրտում։ Թուղթը քամումը մի քիչ դես ու դեն փռփռալուց հետո վեր է ընկնում մի տեղ։ Ջինդարն ասում է՝ դե էդ տեղը փորեցեք, փողն էդտեղ է. երկու կամ երեք արշին որ փորեք, բավական է։ Էդ ասում է ու ինքը գնում գեղը։ Երբ որ մթնում է (ցերեկով չեն փորում, որ ոչով չտեսնի), սկսում են փորելը։ Փորում են մինչև առավոտ, բայց բան դուրս չի դալիս։ Ջինդարին տանում են փորածները ցույց տալիս, թե՝ դու ինչքան որ ասել էիր, մենք երկու էնքան ենք փորել, բան չերևաց. կարելի է մեր աչքին չի երևում, եթե որ դու տեսնում ես, հանիր մեզ տուր։ Ջինդարը գլուխը թափ է տալիս, մի քիչ