Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/159

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պատահում է։ Հարսն սկսում է մի քիչ չարություն անել, իր երեսին սիլլա է տալիս, մազերիցը քաշում։ Մոտը նստող կնանիքը շուտով ձեռներիցը բռնում են, նա էլ իբր թե ակամա հանդարտվում է։ Ուղարկում են Նարեկի, Ավետարանի հետևից, որ գլխի տակին դնեն, ով մի աղոթագիրք ունի, մի աստվածաղերս, մի Եփրեմ-Խորի, մի Կիպրանոս կամ մի թլիսիմ, մի բժժանք, բերում են գլխի տակին դնում։ Պատերին մոմեր են վառում իր հասակի երկայնությունով, խունկ են ծխում, կասկարանքր ոտնիվեր են դնում, շամփուրը կամ մի քոոամեխ գետնին գցում։ Հարսը որ տեսնում է իրան անհոգ չեն թողում, ամեն բան պատրաստեցին, կատարեցին, բոլոր թամաշավորները հավաքվեցան, այնուհետև սկսում է խոսիլը… -Կորե՜ք, կորե՜ք, անիծվածներ, իմ աչքը ձեզ չտեսնի…Ես քու աչքերդ կհանեմ, անզգամ, էլ լայեղ չես անում մոտս գաս հա՜… Չեն թողնում հա՞… Ո՞վ չի թողում… մարդդ չի թողում, հա՞… Ես դրան նշանց կտամ, դրա աչքերը կհանեմ. չոքեչոք մոտս կբերեմ. դա շատ է կատաղել. էլ ո՛չ խաչի է հավատում, ո՛չ նրա ղուլին… քեզ թակում է, հա՞,.. Ես դրան թակել նշանց կտամ. ես դրան էնպես թակեմ, որ օխտը տարի տեղիցը վեր չկենա… Էհե՜յ, ա՜յ քիթը ծուռ կնիկ, ինչի՞ ես խալխի միջին ասել, թե Ազիզը (հարսի անունն է) իրանց բաղվանչու հետ շատ է բարեկամացել. եկ իմ կշտին չոքեչոք մեղա ասա, թե չէ՝ քու տունն ու տեղը կհանգցնեմ, ծուխդ կկտրեմ… Ախչի՛, Եղսան, դու ինչի՞ ես Խեչոյի (հարսի մարդու անունը) հետ քչփչ… Հենց իմանում ես, ես չեմ տեսնում, հա՞…

«Վերջապես էլ ինչ երկարացնեմ. դու ինքդ էլ կլինիս տեսած. գեղ չկա, որ սրանցից մի քանի հատ չլինին:Էսպես շարունակում է դարդոտ հարսը, մեկին սպառնում է խաչի բերանով, մեկէլի մեղքերը երեսով տալիս ամենի մոտ։ Չբերք ու հիվանդոտ կնանիքն էլ հարսի ոգևորված դելը տալիս ժամանակը, կամաց–կամաց, երեսներին խաչ հանելով, գնում են կողքումը նստում, մատիցը բռնում, որ իրանց դարդի, իրանց ցավի համար խաչը մի բան ասի իր գուշակող հարսի րերանովը։ Նա էլ որին հույս է տալիս, որի վրա բարկանում է, մինչև ամեն խաղ հատնում է, հետո թուլանում է, սուտ քուն է դնում իրան: Հավաքվածներն սկսում են քաշվիլ աստծուն փառք տալով, սուրբերին խունկ ու մոմ, մատաղ խոստանալով… էսպես, հապա՜, Մանվել։ Էնդուր է ասել խեղճ Աղասին, թե «աստված, քո փառքդ շատ ըլի. էլ ո՞ւր ենք ասում, թե մարդը քո սուրբ