Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/160

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հոգին ունի, երբ որ նրա միտքը քարից պինդ ա, գլուխը հաստ»: Էնքան բաներ եմ տեսել, Մանվել, որ հիմի դժվարս գալիս է թե հավատամ, որ ճշմարիտ տեսած կլինիմ, ասում եմ, երևի լավ չեմ նկատել. ինչպե՞ս կարելի է, որ բանական մարդը էսքան անխելք լինի: Էս նղավող աղջկերքը էլած սուրբերը քիչ են համարում, նոր-նոր սուրբեր էլ են գնում: Մեկ անգամ էսպես մի նոր խաչի պատահեցա ուխտավորներով լիքը:— Էստեղ ես առաջ սուրբ չեմ տեսել, ասացի, էս որտեղի՞ց լիս ընկավ: Թե՝ բաս չես ասի՝ Առուշանանց Եղսանն է գտել: Եղսանին ինքս տեսա, հարցրի, ասում եմ՝ «Գտած խաչիդ անումն ի՞նչ է. թե՝ «Աստվածածին է»: «Ինչի՞ց գիտես». «Երազումս եմ տեսել»: «Ինչպե՞ս տեսար», «Էրկեն սպիտակ մորուքով մի ծեր մարդ էր»: «Ախչի՛, Աստվածածինը տղամարդ հո չի՞, որ մորուք ունենա». «Դե ես ի՞նչ անեմ, ինքն ասաց, թե Աստվածածինն եմ, էս էլ իմ Ծաղկավանքն է, պիտի շինել տաս»: Նրա ասած վանքատեղն էլ մի ավերակ թուրքի մատուռ էր:

Հապա՜, Մանվել, իզուր չի Աղասին արտասուքն աչքերին ասում. «Մարդս որ ծնվում է, մեկ գունդ մսից ավելի ոչինչ չենք տեսնում. տարիք են անց կենում, որ քիչ-քիչ ոտն է ըլում, քիչ-քիչ լեզու, ուշ ու միտք գալիս… Բայց վա՜յ էն էրեխին, վա՜յ էն ազգին, որ աչքը էնպես գոգում բաց կանի, որ լսի տեղ խավար կտեսնի, աչքը բաց՝ դուզ ճամփեն կթողա, քարեքար կընկնի. վա՜յ էն ազգին. որ բնական օրենքը կթողա, անբնականին կհետևի, որ էնպես խրատ տվող չի ունենալ, որ նրան հոգի տա, և ոչ հոգին էլ հանի: Յարաբ որ լավ կարդացնող էր էլել, էրեխեքանց ջոկ, ժողովրդին ջոկ, գիշեր-ցերեկ խրատ էր տվել, կարդացրել լուսավորել էր, հիմիկ մեր ազգը է՞ս հալին կլիներ, է՞ս տեղը կընկներ»…

- Իհարկե, էն ժամանակն էլ էսպես չէր լինիլ,— ասաց Մանվելը,— Բայց ո՞ւր են մեզանում նրա ուզած կարդացնողները. էլածներն էլ ավելի խավար են տարածում, քան թե լույս, ունքը շտկելու տեղ աչքն էլ են հանում: Գնանք, գնանք, Արություն, վեր կաց գնանք, մութն ընկնում է…Մենք մեր դարդը թողած՝ գեղցոնց վրա ենք միտք անում, նրանց դարդն ենք քաշում…

- Մենք ի՞նչ դարդ ունինք, փառք աստուծո,— ասաց Արությունը և սկսեցին քաշվիլ դեպի տուն:

- Ինչպե՞ս թե ինչ դարդ ունինք: Շորերս մաշվել է, գրքի փող չկա: Ախպերքս չեն օգնում, հերս կենդանի չէ, ուտելիք չեն ուղարկում, որ գոնե կերածս աչքներին չերևա: Դու հո լավ գիտես սրանց