Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/163

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

էր և ոչ ուսումնական։ Նա վերացական խնդիրների վրա մտածող մարդ չէր, նա գիտնական չէր և ոչ բանաստեղծ։ Նրա փիլիսոփայությունը վերաբերում էր առօրյա կյանքի երևույթներին, բայց նա այգ երևույթները շատերի նման մի պատահական բան չէր համարում և ոչ մի աներևույթ ձեռքում խաղալիք, այլ նշմարում էր նրանց մեջ մի անխախտ օրենք, եղած դժբախտությունները համարում էր անհրաժեշտ չարքներ, որովհետև դրանք նույն օրենքի ազդեցությամբ էին կատարվում, ինչպես և բոլոր բարիքները նրանից էին առաջ գալիս։ «Չկա, ասում էր նա, աշխարհիս երեսին ոչ մեղավոր և ոչ արդար մարդս։ Ասում էր՝ «Մեղավորը մեղավոր չէ, որ ինքը մեղավոր է, և ոչ արդարն է արդար, որ ինքն արդար է»։ Ահա այսպիսի մի տարօրինակ ոճ ուներ Օվակիմի փիլիսոփայությունը։

․․․Այո՛, այո՛, ո՞վ կարող է սրա ընդդեմ բան ասել, այս անհերքելի ճշմարտություն է, այսպես խոսում էր ինքն իրան Օվակիմը։ Ով ինչպես կա՝ կա. նա ուրիշ կերպ լինել կարող չէ. ուրեմն «մեղադրելս» և «գովելս» բայերը պետք է իմ մտքի քերականությունիցը հեռանան։ Պիտի ասեն՝ «Եթե մեղադրել կամ գովել կարևոր չէ, էլ ի՞նչ ասել է ուրեմն դատաստան, դատապարտություն, վարձատրություն, չար և բարի, մոլություն և արդարություն, վերջապես դժոխք և արքայությունս… «Եղբայր սիրելի, կասեի ես այդպես ասողին, դու իմ գլխին Նարեկ մի՛ կարդար, ես խենթ չեմ. դու առաջ լավ հասկացիր, տես ես ի՞նչ եմ ասում։ Իմ ասելս այն է, որ մարդուս կյանքը մեկ է, և նրա նպատակը մեկ։ Ի բայց ի՞նչ է նրա նպատակը։ Չգիտե՞ս։ Շատ լավ։ Ինչո՞ւ է ծնվել։ Էլի չգիտես։ բայց ի՞նչ կա այստեղ չգիտենալու։ Չգիտես նրա համար, որ չես ուզում գիտենալ այն, որ կարող ես գիտենալ, բայց ուզում ես այնպես բան գիտենալ, որ ոչ ոք չի կարող գիտենալ։ Ծնվել է երեխան. այստեղ հարկավոր չէ փիլիսոփայություն, նա ուտել կուզի, նա ապրել կուզի, նա ծնվել է ապրելու համար։

«Ամենայն կենդանի բնականաբար, աստվածային անխախտ օրենքով, նրա մի անգամ ընդմիշտ դրված հրամանով, պետք է մի գործով զբաղի, մի նպատակի դիմե, այն է՝ աշխատի ապրել, որովհետև նա ստեղծված է ապրելու համար։ Չապրել՝ կնշանակե ընդդեմ գնալ ստեղծողի կամքին. բայց, այդպիսի ընդդիմություն չի ցույց տալ ոչ մի էշ, ոչ մի գազան, ոչ մի թռչուն, այդ տեսակ հիմարություն միայն մարդը կարող է անել, բայց ոչ առողջամիտ