Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/166

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ասած, թեկուզ հիմարին՝ մի խելոք բան. երկուսն էլ մեկ է։ Իմաստունը հիմար բանի վրա կծիծաղի, հիմարը՝ խելոք բանի: Հայը օրուջը չի պահիլ, թուրքը՝ մեծ պաս: Ինչ որ մեկի համար սուրբ է, մյուսի համար պիղծ է։ Թուրքն ևս նույնքան առողջ դատողություն ունի, ինչքան և հայը: Բայց ոչ մեկը չի կարող չլինել այն, ինչ որ է։ Ով ինչ կարող է լինել, չի կարող չլինել, ով ինչ կարող է անել, չի կարող չանել։ Ազգասեր մարդը չի կարող ազգասեր չլինել, ինչ պես որ բարակացավ ունեցողը չի կարող չունենալ այդ ցավը։ Ոչ ոք թող չպարծենա, թե՝ ես այս արի և այն չարի, որովհետև նա չէր կարող չանել, ինչ որ արավ, և անել՝ ինչ որ չարավ։ Սրա պատճառը պետք է փնտրել նույն մարդի մտքումը, հոգումը, մարմնումը, նրա շրջապատ դրդող հանգամանքներումը, բայց այս դեռ բավական չէ, պետք է փնտրես նրա հոր մեջ, մոր մեջ, պապի, ապուպապի, տատի, ատուտատի և այլն, մինչև կհասնես Ադամին ու Եվային, հետո էնտեղից ետ կդառնաս նոր մեկանց ու կամաց-կամաց, ուշի ուշով, մեծ հետաքրքրությունով ու նկատողությունով առաջ գալ, քննելով նրանց եկած ճանապարհը, որ տեսնեն նրա նախնիքների գլխով ինչե՞ր են անց կացել, որտե՞ղ է նրանց ոտը փուշ մտել, որտե՞ղ ձեռքը կամ ոտքը կոտրվել, որտե՞ղ ինչ արել, ի՞նչ խոսել, ի՞նչպես մտածել, ինչի՞ց զրկվել, ի՞նչ ավելացնել և այլն և այլն։ Ինչևիցե, իմ խոսքը ձեր ուսումնարանի վրա էր, բայց ես հեռու գնացի, երևի չէի կարող չհեռանալ։ Ձեր վերատեսուչը մի շատ պարկեշտ ու բարոյական մարդ է, կարծես Հին Հունաստանից եկած մի նոր Սոկրատ լինի։ Խոսք չունիմ, բավական խոհեմ ու գիտնական մարդ էլ է, բայց շատ է խեղճ։ Թեպետ էս էլ պետք է ասեմ, որ թեկուզ խեղճ էլ չլինի, էդ գազանների մեջ ոչինչ չի կարող անել։ Շատ ափսոսացի, որ հրաժարվել է կամ հրաժարեցրել են։ Հապա դուք ի՞նչ էիք անում մինչև հիմա կամ ի՞նչ եք մտադիր անելու այսուհետև։

— Ինչպես որ դուք խորհուրդ կտաք, մենք էլ էնպես կանենք,— ասացին մեր պատանիքը միաբերան, որ մինչև այն րոպեն լուռ ու մունջ և ուշի ուշով լսում էին Օվակիմի խոսքերը և տեղավորում իրանց մտքի վեջ, որ հետո իրանք էլ նույն խոսքերն ուրիշներին ասեն և լուսավորեն ժողովրդին…

- Ես թեպետ սիրում եմ զանազան խորհուրդներ տալ մարդկանց, բայց ձեզ պես անփորձ մարդկանց խորհուրդ տալը երբևմն անօգուտ է և երբեմն վտանգավոր։ Ես երբ որ ձեր չափ էի, շատ