Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/167

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

խորհուրդ տվողներ ունեի, բայց չէի կարողանում կատարել նրանց խորհուրդները։ Ես շատ լավ գիտեմ, որ դուք չեք կարող չլինել այն, ինչ որ լինելու եք, բայց թե ի՞նչ եք լինելու, առաջուց գուշակել չեմ կարող։ Ես չգիտեմ ո՛րքան է ձեր մեջ ուսման սերը կամ ուրիշ ի՞նչ բանի ձգտում ու հակումն ունեիք։ Մեր աշխարհքը խավար, կեղտոտ աշխարհք է. դուք դեռ ծանոթ չեք այդ աշխարհին,և չարժե ծանոթանալ. այդ դեռ վաղ է ձեզ համար։ Ես հիմա մեկ խոսք կասեմ ձեզ. գնացեք, համոզեցեք ձեր ծնողներին, ձեր եղբայրներին, որ ձեզ օգնեն։ Ավարտեցեք ձեր ուսման ընթացքը, հասունացրեք ձեր միտքը, այնուհետև կարող եք ձեզ համար ապրելու վիճակ ընտրել։ Ի՞նչ պիտի լինի ձեզ վրա անելիք ծախսը։ Եթե տարին մեկ օրավար ցանեն ձեզ համար, նրա արդյունքովը դուք կհոգաք ձեր բոլոր ծախսերը։ Ճշմարիտ է, նրանք կոպիտ մարդիկ են. մեկի հայրն է ասում՝ տղես կփչանա, էլ ինձ չի մտիկ տալ, մյուսի եղբայրքն են ասում, թե նա իր համար աղա պիտի դառնա, մենք էստեղ կոռ ու բեգյար քաշենք, ջանը դուրս գա, թող ինքն էլ գա մեզ հետ աշխատի։ Հին նահապետական նախա՜նձ, կե՜ղտ, ատելություն, սեր չկա, բան չկա… Ես ձեզանից լավ եմ ճանաչում ձերոնց, անխելք, անպետք մարդիկ են, բանական մարդու վսեմ զգացմունքներից զուրկ են, մարդակերպ կենդանիներ, գազաններ են… բայց ի՞նչ արած. ուրիշ կերպ չինել կարող չեն, հանգամանքները դրանց էդպես են կազմակերպել։ Իրանց պետք է շողոքորթել, չպետք է ծիծաղել նրանց կոպտության, կեղտոտության, սնահավատության վրա, գուցե դրանով շահեք նրանց սիրտը։ Առհասարակ՝ իմացած լինիք, որ քոռին եթե խուլ ասեք, նա չի նեղանալ, բայց եթե քոռ ասեք, այդ միևնույն է, թե դանակով հանեք նրա աչքը։ Ցավագար տեղին լեն չեն դիպչիր։ Էսպես։

— Ուրեմն ես վաղը կերթամ։ Սայլով ուխտ գնացողներ կան դեպի մեր կողմը, նրանց հետ կերթամ,— ասաց Արությունը։

— Մեր գեղիցն էլ ալյուր ծախողներ են եկել, ես էլ նրանց հետ կերթամ։

— Աստված բարի ճանապարհ տա,— ասաց Օվակիմը և ճանապարհ ձգելով պատանի մարդոցը՝ ինքն ընկավ մի խոր մտածության մեջ և հետո բացականչեց.— Մտեք աշխարհ, անմեղ հոգիք, դուք չեք կարող ձեր գլխի անցքերի առաջքն առնել… ուսում էլ առնեք՝ ի՞նչ պիտի դառնաք, ավելի վատ ձեզ համար… Ավելի լավ չէ՞ր լինիլ, որ բնավ չճաշակեիք այդ բարվո և չարի գիտությունը