Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/168

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

թյան ծառի պտղից, որից հետո մինչև այժմ ձեզ դրախտ երևցած աշխարհս պիտի դժոխքի կերպարանք ստանա…

- Արություն, արի դնանք էսօր մեր տանը մի լավ քեփ անենք: Մեր տանեցիք բոլորն էլ գնացել են ուխտ, մենակ քուրս է մնացել տանը, Օսանին էլ կկանչենք մեզ մոտ ու մի լավ քեփ կանենք։ Ո՞վ գիտե ի՞նչ կանցնի գլխներովս, շո՞ւտ կտեսնենք մեկ-մեկու, թե՝ ուշ,- ասաց Մանվելը, երբ մի քանի քայլ լռությամբ հեռացել էին Օվակիմի տանից։

- Երանի՜ քեզ, Մանվել, որ դարդ չունիս, քեփն է աչքիդ երևում…

- Տո ինչի՞ եմ դարդ անում, գիժ հո չե՞մ. բա չլսեցի՞ր, որ Օվակիմն ասաց. զոռով բան չի լինիլ. ամեն բան իր կարգովն է դնում. թե որ ուզում ես պատճառն իմանաս, գնա մեր պապ Ադամին հարցրու, որ նրանից մի ուղիղ լուր բերես… Ինչ որ դառնալու ենք, չենք կարող չդառնալ, պրծա՜նք, գնա՜ց…

- Օվակիմի ասածը ճակատագրի պես մի բան է,- ասաց Արությունը.- մեր պառավներն էլ են ասում, թե՝ «Ինչ որ ճակատիդ դրված է, էն պիտի ըլի»։ Ասում էլ են, թե՝ «լինելու բանի առաջը չի առնվիլ»… Կամ թե՝ «ինչ որ լինելու է, պետք է լինի, դրան հար չկա»… Բայց կարելի է թե Օվակիմի ասածը ավելի խոր միտք ունի, որովհետև նա ուսումնականի ոճով է խոսում, պատճառներ է փնտրում…

- Արություն, ինչի՞դ է պետք, ինչ ուզում են թող ասեն, մենք էլ որ կմեծանանք, լավ ուսում կառնենք, մենք էլ ուրիշ ձևով կասենք էդ միևնույն բանը, կամ թե չէ՝ կհերքենք բոլորովին. իսկ հիմա, քանի որ գլխներումս դեռ դարտակ տեղ շատ կա, էսօր գնանք էդ դարտակ տեղը գինով լցնենք, խելքներս զվարթանա, սրտներս ուրախանա, աշխարհքիս դարդը հո մեզ չե՞ն տվել։ Մի գլուխ ունինք, ինչպես լինի, կպահենք, նոր չենք հագնիլ, հին կհագնինք, ո՞վ պիտի մեր ձեռքիցը բռնի, մենք չե՞նք մեր գլխի տերը։ Հրեն ղազախեցի Մարտիրոսը, որ մեր կիսի չափ բան չի իմանում, վարժատուն է բաց արել, երեխեք է կարդացնում։ Դու չե՞ս տեսել նրա վարժատունը…

- Ի՞նչպես չեմ տեսել»: Անցյալ օրը պատահեցա. ասում եմ՝ ի՞նչպես ես, ուսումնարանդ ի՞նչպես է հառաջ գնում, թե՝ լա՛վ փառք աստուծո, կիսին չեմ արժանի. հիսուն աշակերտ ունիմ: Աշակերտներիս հայրերը ամենքն էլ շնորհակալ են։ Մի կյուրակի