Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/169

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

օր մեկն է հրավիրում, մի տոն օր՝ մյուսը. ես էլ սկսում եմ գրաբար խոսիլ, որքան կարելի է՝ խրթին, որ կարծիք չտանեն, թե ես շատ գիտուն չեմ, բայց հիմի եմ ափսոսում, որ ռուսերենումը շատ եմ բոբիկ, մտիկ եմ տալիս Իրիցփուխովի բառարանումը, որ տեսնեմ ո՛ր տառի վրա է շեշտ դրած, բայց մինչև ամեն բառի վրա մտիկ կանեմ, գլխիս մազը կսիպտակի։ Հետո ինձ խնդրեց, թե՝ մեկ արի «Դրուգ դետեյ»-իս բառերի վրա շեշտեր դիր, ես էլ գնացի, մի քանի երեսի վրա շեշտեր դրեցի. ասացի. «Դու հայերեն սովրեցրու, ռսերեն երբ լինի՝ կսովորեն։ Թվաբանություն սովրեցրու, որ հաշիվ անել գիտենան», թե՝ «Թվաբանություն չեմ գիտում»…

— Ի՞նչ թվաբանություն, ի՞նչ բան,— ասաց Մանվելը,— դրանք ոչ մի բան չեն իմանում։ Հրեն տիրացու Սարգիսը, կազմարար Մարգարը, երկենամիրուք տերտերը… ամենքն էլ վարժատուն ունին, երեխեք են կարդացնում, բայց ի՛նչ կարդացնել. մեկ օր մեռլի վրա են, մյուս օր՝ կնունքի, մեկէլ օր՝ մի ուրիշ բանի. էսպես քելեխ ուտելով ման են գալիս, երեխեքը տուն դառած իրար միս են ուտում, իրար շորեր պատռտում։ Ի՜նչ վարժատուն, խոզատունը քեզ օրինակ։ Օրը մեկ ժամ կամ կես ժամ նստում են մոտներին, էդ ժամանակն էլ քանոնը ձեռքներն առած՝ դարտակ բղավում են՝ ս…ո՜ւ…ս կա…ցե՜ք… Մի քանի ամիս մի այբբեն են սովորեցնում, մի քանի ամիս էլ մի «անա-բանա» կամ «էն՝ էրթի փուլի, ման՝ օրի բիստի»… Ծիծաղ է, ծիծաղ, Արություն, տեսնո՞ւմ ես ինչպես մարդիկ են ապրում աշխարհիս վրա։ Էդպեսները որ հաց են գտնում ուտում, մեզ ի՞նչ է էլել, փառք աստուծո, որ ղրանը կտանենք ջուրը՝ ծարավ ետ բերենք, ինչի՞ ենք դարդ անում։ ուրիշ ոչինչ որ չկարողացանք, բա դրանց պես է՞լ չենք կարող մի բան անել…

— Ի՞նչ ես ասում, Մանվել… Մարդ որ էնպես վարժապետ չըլի, որ էս քաղքումը հատը չլինի, էլ ի՞նչ նշանակություն ունի։


— Արություն, աղվեսը որ աղվես է, բերանը որ խաղողին չի հասնում, ասում է՝ խակ է. բայց դու մի աղվեսի չափ էլ չունիս խելք…

— Արջն էլ որ արջ է, Մանվել, երբ որ թաթը տանձին չի հասնում, ասում է. «Լավ, կենա իմ հոր խերին, մի ուրիշը կուտի, իմ հորն օղորմի կտա»… Բայց մի՞թե մենք աղվես ենք կամ արջ. մենք մարդիկ ենք, բանական մարդիկ, մենք պարտական ենք