Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/172

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ըլի, ձայն պահի, հետո ավելի լավ երգեր պիտի երգեմ։ Տո Արություն, ի՞նչ ես ունքերդ կիտել, ձեր տանը հո չե՞նք, քե՛փ արա, փլավ էլ ունինք, շատ մի՛ մտածիր. «Աշխարհքս հինգ օր է, հինգն էլ սև»: Պետք է էդ սև օրերը սպիտակացնել, գիտե՞ս ինչով– ըսպիտակ գինով. որ ուզենաս կարմրացնել, կարմիր գինով կներկես, թե չես հավատում, փորձիր, մի բաժակ գինի որ խմես, աշխարհքումս ինչ կա, չկա, դիփ կսպիտակի… ապա մեկ էս խիզիլալի համը տե՜ս, էս ձկան հոտն առ… Ո՜ւհ… ո՜ւհ… ո՜ւհ… Արություն, Արություն, էս խորովածին է՜… թլթլում է… թլթլում… ձեռներդ ուտեմ, ձե՛ռներդ, Հոռոմսիմ, քուրն էլ ըլի, քեզ նման, քո ստեղծողին մեռնիմ… մեկ հազարփեշեն տուր… Արություն, ալլա՜հ-վերդի…

— Խմի, վեր դի,— պատասխանեց Արությունը ժպտալով։

— Գիտե՞ս ում կենացն եմ խմում, Արություն, որ գիտենաս, կխմես իսկույն…

— Ո՞ւմ կենացն ես խմում, դե ասա տեսնենք…

— Նրա՛ կենացն եմ խմում, նրա՜, էն որ ես ու դու գիտենք…

Քույրերն աչքով են անում միմյանց…

— Դե որ «նրա» կենացն ես խմում, մի լավ խաղ էլ որ ասես, ես էլ կխմեմ։

— Քու հոգուն մատաղ, Արություն, ես քու խաթրը կկոտրե՞մ, խաղ էլ որ չգիտենամ, աշըղ կդառնամ քեզ համար։ Ականջ դրեք, ականջ դրեք, Հոռոմսիմ, Օսանա, մի մուխամբազ պիտի ասեմ, մեր Արությունի նոր շինած մուխամբազը պիտի ասեմ. (երգում է).

Բացվել եմ վարդի պես, բայց չունիմ սոխակ,
Սիրահար խոսնակ.
Նըրա տեղ երգում է մի ուրիշ թռչնակ,
Բուի եղանակ.
Չեմ տեսնում նրա մեջ ոչ մի ժամանակ
Սիրո նշանակ։
Սիրել մինչև ի մահ շատն է խոստանում,
Երղմամբ ուխտ գնում,
Բայց այս ուխտի վրա շատ օր չի անցնում,
մեկ էլ ես տեսնում
Պատրաստած քեզ համար սոսկալի վանդա՛կ.
Ո՜հ, թշվա՜ռ վիճակ։
Ասում ես. «Այս ի՞նչ է, այս ի՞նչ արեցիր,
Դու ինձ գերեցիր.
Շողոքորթ խոսքերով ինձ գրավեցիր,
Վերջը խաբեցի՞ր»