Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/173

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ասում է. «Այսպես է աշխարհս բովանդակ»
Դու հո չե՞ս մենակ»…
Դե լռի՛ր, հա՜յ աղջիկ, էլ չես գովական
Եվ ոչ աննման.
Պահիր սրտիդ խոցը մինչ օր քո մահվան,
Մտցրու գերեզման.
Չասես ուխտազանցիդ մի խոսք հակառակ,
Չդառնաս առակ:


— Ապրի՛ս, ապրի՛ս, Մանվել, շատ ապրիս,— ասաց Օսանան, սրբելով արտասուքը, որ հառաջ էր եկել երգի ներգործությունից:

— Րոմա՜ն, Արություն, րոմա՜ն,— բղավեց Մանվելը:— Տեսա՞ր իմ երգելն ինչպես ներգործեց Օսանի վրա. չէ, ես լավ աշըղ եմ էլել, ով գիտե, կարելի է ժամանակով երևելի բանաստեղծ էլ դառնամ… Օսանա ջան, քու կենացը, աստված սիրտդ ուրախ պահի, աստված որդիքդ քեզ բախշի, դիփունանց կանաչ–կարմիրն էլ կապես: Հոռոմսիմ ջան, սաղ ըլիս, մարդդ ապրի, սկեսուրիդ հոգին Գաբրիել հրեշտակն առնի տանի արքայության մեջ գցի. Արություն ջան, քե՛զ ինչ ասեմ, թող որը որ լավ է, էն անի աստված, դե վեր կալ թասըդ, Հոռոմսիմ, դու էլ Օսանա, դու էլ, վեր կալեք թասերդ. Արություն, «Հայոց աղջիկնե՜ր», միասին (երգում են).


Հայոց աղջիկներ, ձեր հոգուն մատաղ,
Երբ միտս եք գալիս, ասում եմ ես ա՜խ:


— Կեցցե՜ն հայոց աղջկերքը,— բղավում են մեր պատանիքը միաբերան, երբ վերջացնում են երգը և բաժակները դատարկում:

— Ապրի՛ք, ապրի՛ք,— ասում են քույրերը, սրտանց ուրախանալով, որ այնպես «ուսումնական» եղբայրներ ունին:

— Արդյոք հայոց աղջկերանց նման սիրուն, շարմաղ էլ ո՞ր աշխարհքում, ո՞ր ազգում կլինի,— ասաց Մանվելը:— Ուրիշ ազգի աղջկերքը— որը շեկ է լինում, որը դեղնած, որը սև, որը քթատ, որը շլինքը կարճ, որի ուսերքը հաստ, որի մեջքը թիկունքին հավասար. մի խոսքով՝ մի սիրուն պատկեր, մի սիրուն կազմվածք չես գտնիլ նրանցում: Հայ աղջկա վառվռուն աչքերը, կամար ունքերը, լուլա շլինքը, բարակ մեջքը, շահմար ծամերը, նրա նուրբ պռոշները, մարգարտե ատամները, մոմի պես մատները,