Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/180

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

- Սպասիր, սպասիր, Մա’նվել, ես դեռ չեմ վերջացրել,- ասաց Արությունը և շարունակեց իր ոտանավորը.

Հայի լեզուն շատ ճարտար է,
Նրա երգերն անհամար են,
Բայց իր տաղանդն ու հանճարը
Դժբախտ կյանքին հավասար են.
Թե երգում է նա դիվանի,
Ավալ-ախըր կամ հասարակ,
Պարզ խոսքերով հայտնում է նա
Ամեն մի բան ծանր ու բարակ,

Արաբերեն ու ֆարսերեն
Թեժնիսի մեջ նա խառնում է,
Շատ հանելուկ, շատ խոր մտքեր
Նա սըրա մեջ ամփոփում է.

Շրթունքի մեջ ասեղ դրած՝
Նա երգում է դոդաղ-դագմազ,
Երբ վառվում է սերի էշխով.
Երգում է և զիլ֊թարփանմազ.

Հետզհետե կրակվելով
Երդում է նա գյոլղալլամա,
իր ընկերի հետ միասին
Սկսում է կիը ղոշամա։

Այս խաղերում գանգատվում է
Եվ այրվում է Քյարամի պես,
Երբ հասնում է մուխամբազին,
Իր յարին չի անում անտես.

Նրան գովում, մեծարում է,
Շինում է մի աստվածուհի,
Աղաչում է, աղերսում է,
Որ իր վրա գթով նայի.

Ուր էր թե մեր վեհ հոգի հայն
Գործով էլ տար այս խեղճ սեռին
Ազատություն, որ նա չունի,
Այլ դերի է մարդու ձեռին…