Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/185

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մոլորվել եք, կռապաշտացել, ստեղծող աստծուն թողած՝ քարերին ու ծառերին եք պաշտում։

— Ասում են նոր մարդիկ են լիս ընկել, էլ ոչ խաչի են հավատում, ոչ պասի, դու էլ էնթավուրներից չլինի՞ս…

— Էնթավուրըս ո՞րն է. կարելի է թե ես էնթավուրներիցն էլ բեթար եմ, դուք էդ ի՞նչ եք հարցնում։ Իմացեք, տեսեք ի՞նչ եմ ասում. թե որ սուտ է ասածս, աչքս հանեցեք. թե չէ ո՞ւր եք ընկել էս չոլերը։ Ցավի համար՝ բժիշկ կա. քեփ անել եք ուզում, ձեր տանը, ձեր բաղերումն ամեն օր քեփ եք անում, բայց եթե ավելի փող ունիք, չեք իմանում, թե ինչ տեղ մխսեք, ես տեղը ցույց կտամ։ Ձեր որդոցը, ձեր աղջկերանցը ուսում տվեք, որ իրանց հավատը, իրանց ազգը ճանաչեն, ձեզ նման չասեն, թե Վա՞րդանս որն է. ուղիղ ճամփեն թողած՝ քարեքար չընկնին, լուսը թողած՝ խավարի մեջը չման գան…

Բոլորեքյանք լռեցին, կարծելով՝ որ սուրբ Գեորգը գժվացրեց Արությունին, այլապես՝ նրանց կարծիքով, նա կարող չէր այնպես բաներ ասել։

Այսպես շարունակեցին իրանց ճանապարհը։ Առաջին գիշերը մնացին ճանապարհին և մի ջուխտ եզը գողանալ տվին։ Մյուս օրը՝ կարծելով, որ Արությունի հերետիկոսությունը եղավ նույն ձախորդության պատճառը, նրան չընդունեցին իրանց սայլումը, որ մի ուրիշ ձախորդություն էլ չպատահի։

— Ասում են՝ մի թուրք սարի գլխիցը մի քարե խաչ է գլորել. խաչը գլորվելով կանչում է եղել, թե «Երանի մի հայ պատահեր, տակովս անեի, մի լավ ջարդեի»։ Հիմա՝ խաչին ջիգրացնողն Արությունն է, գողերը մե՛ր եզներն են տանում. դեռ ով գիտե, էլի ինչ փորձանք է գալու գլխներիս, միայն նրա համար, որ բարեսրտություն արինք, էդ անհավատին մեզ մոտ նստացրինք։

Այսպես խոսողի մարգարեությունը շուտով կատարվեց։ Մի զառիվայր տեղում ծուլացան թե իջնեն սայլիցը, եզները չկարողացան անկապ անիվավոր սայլի գլուխը պահել, իրանք էլ հետը սրընթաց գլորվելով ընկան մի խոր խանդակի մեջ։ Սայլը շուռ եկավ, և որի ոտը կոտրվեց, որի՝ կուռը, որի գլուխը ճղվեց, որի քիթը ջարդվեց։ Լավ էր, որ Արությունն այդտեղ չէր, եթե ոչ՝ մի լավ ծեծ կուտեր…

Արությունը՝ իր փոքրիկ ծրարը ձեռքին՝ ոտով ճանապարհ ընկավ դեպի ս. Գեորգ, ուր և հասավ երեկոյին։