Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/192

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Հացն ու շորն ի՞նչ է, որ չտաս։ Նա ասում է՝ «Իմ ընկերները ժամանակով մարդիկ կդառնան, բայց ես որ ձեզ մոտ մնամ, ի՞ նչ պիտի դառնամ։ Էշն, ասում է, որ իշի կշտին կապես»…

— Ի՞նչ, ի՞նչ…

— Ի՞նչ պիտի ըլի… դու էնքան ասել ես, որ նա էլ սովորել է…

— Ես ի՞նչ եմ սովրեցրել…

— Քո մասալները…

— Ես ցույց կտամ դրան իմ մասալների զորությունը…

— Աստվածդ կսիրես, ա՛յ մարդ, երեխիս չգժվացնես. նա առանց էդ էլ գժված է, էլ ոչ մեծ է հարցնում, ոչ պստիկ, ամենքին էլ անպատիվ է անում…

Արությունը՝ տեսնելով որ իր հորից օդնություն չի ստանալու՝ ուզեց իր տրտմությանը մասնակից անել Մանվելին: Մինչդեռ այր ու կին վիճում էին նրա մասին, նա քաշվել էր հյուրասենյակը և գրում էր Մանվելին հետևյալ նամակը.

Մանվել,

հոգեկիցդ իմ,

Չգիտեմ դու հիմա ի՞նչ տեղ ես արդյոք և ի՞նչ վիճակի մեջ, բայց ես այս նամակն ուղարկում եմ ձեր գյուղը, որ ուր էլ որ լինիս, քեզ հասցնեն:

Աչքդ լո՛ւյս, Մանվե՛լ, ես հիմա գիժ եմ։ Այսպես են համարում ինձ այժմ ամենքը։ Եթե մի քանիսն էլ, և այն երբեմն, իմ ասածի մեջ խելք են նշմարում, ասում են՝ «Գժից ուղիղ համբավ»։ Ասենք սա մի անպատվություն չէ, այլ՝ ընդհակառակն՝ այնքան մեծ է այս պատիվը, որին ես դեռ չեմ արժանացել։ Բայց այսուամենայնիվ իմ մանկության օրորոցը, իմ փայփայած ու գգված ծննդարանը այժմ ինձ թվում է մի դժոխք, ուր՝ ինչպես ասած է ավետարանի մեջ՝ աղվեսների համար որջ կա, թռչունների համար բույն, բայց մարդու որդու համար գլուխ դնելու տեղ չկա։ Հիմարություն, կոպտության, ծուլություն, ընչաքաղցություն և, որ մայրն է ամենայն չարյաց, կեղտոտություն և, էլի կասեմ, կեղտոտությո՜ւն, անտանելի, անմերձենալի կեղտոտությու՜ն, անմաքրությո՜ւն, կեղտոտությո՜ւն…