Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/193

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Իրանց գոմերի առջև հազար տարվան թրիք կա կույտված, չեն տանում իրանց այգիքն ու արտատեղերն ածում, որով թե իրանց հողերը կբարվոքեն և թե իրանց տները կազատեն ժահահոտությունից, որ իրանց այնքան զգալի չէ, սովոր լինելով այդ հոտին։ Ոչ մի տղամարդ կամ կնիկարմատ չկա, որ երկու շապիկ ունենա, շապկաընկեր հո—շատերը մեկն էլ չեն ունենում։ Շատ անգամ տեսնում ես սրա կամ նրա կուրծքը աղլուխով ծածկված, այդ նշան է, որ ժրաջան տանտիկինն իր կամ մարդու շապիկը նույն օրը բարեհաճել է լվանալ։ Այդ էլ իհարկե զատկից զատիկ կլինի կամ շա՜տ֊շա՜տ հինգ նավակատիքներին… Բայց թափ են տալիս թոնդրոլմը ամիսը մեկ կամ երկու անգամ… Ոհ, որ միտս եմ բերում, գլխիս ցավը բռնում է… Ահա այս մաքրասեր իմաստուններն են, որ ինձ գիժ են համարում, որովհետև համարձակում եմ ասել, որ ոջիլն աստված չի ստեղծել, այդ դուք եք ստեղծում ձեր անմաքրությունովը…

Դու լավ գիտես, որ մեզանում փոքրերն իրավունք չունին մեծերին ընդիմախոսելու… Մեզանում չկա «ներեցեք», որովհետև դա մարդավարության կվերաբերի, որի անունը դեռ լսած չեն մերոնք։ Անեծք, հայհոյանք… Անլուր հայհոյանքների մեջ մտնում է և արարողը և նրա ամենայն արարածը։ Կռիվը կատարվում է դագանակով, սրով և հրացանով։ Չարակամությունը սահման չունի, ոխակալությունը ժառանգական է, պիտի շարունակվի որդոց որդի, Սեր կա՝ անասնական, բարեկամություն՝ խաբեբայական, խնդակցություն՝ րոպեական, գթություն՝ բռնակալական, եղբայրություն՝ կայենական, հայրություն՝ գազանական… Ո՛չ, ես այստեղ չեմ կարող մնալ…

Մի հատիկ հոգի, որ այստեղ ինձ մխիթարում է՝ այդ իմ մայրս է։ Մայրս Ռեբեկայի վիճակումն է։ Ինչպես Ռեբեկան իր որդի Հակոբին միշտ պաշտպանում էր հոր ատելությունից, այսպես էլ իմ մայրս պատրաստ է իր կյանքը զոհել ինձ համար։ Նրա սերը դեպի ինձ այնքան մեծ է, որ՝ չնայած իր կանխակալ կարծիքներին՝ հավատում է իմ բոլոր ասածներին և հոգվով չափ փառավորվում, որ ինձ նման իմաստուն որդի ունի։ «Մի՜ վախենար, սիրտ է տալիս ինձ մայրս, աստված քեզ հետ կլինի միշտ, նա քեզ չի կորցնիլ, եթե դու նրա փեշիցր պինդ բռնես։ Միտդ բեր Հակոբին, Հովսեփին, Մովսեսին. դու հո գիտես՝ առաված նրանց ինչպես առաջ նորդեց»…