Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/200

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ԵՐՐՈՐԴ ԳՐՔՈԻՅԿ
ԱՇՂՈԻԹՅՈԻՆ ԵՎ ՈՐՍՈՐԴՈԻԹՅՈԻՆ

Ավետիքը շատ լավ գիտեր այն առածը, թե՝ «Վեմն ապառաժի է հանդիպել», բայց չէր ուզում խոստովանել, որ եթե ինքը վեմ չլիներ, իր որդին էլ ապառաժ չէր լինել։ Մոլեռանդ ծնողները մոլեռանդ էլ զավակներ կունենան, թեկուզ միմյանց հակառակ գաղափարով։

Գեղամիջով հեռանալիս՝ Արությունի առաջը ոչ ոք չկտրեց, չէր էլ կարծում ոչ ոք, որ նա գլուխը վեր կալած՝ գնում է կորչելու, որ ազատվի հոր հալածանքից։ Մի ժամից հետո մայրը ձիավորներ ուղարկեց որդու հետևից, որ ետ դարձնեն, բայց չգտան. նա ճամփից շեղվելով մտել էր անտառն ու անհայտացել։

Արությունը շատ հեռու չգնաց․ նա պտտվում էր Լոռու և Շիրակի գյուղերում, ուր մի տեղ վարժապետ էր դառնում, մի այլ տեղ տիրացվություն անում, մի տեղ նախրապանի հետ էր ընկերանում, մի այլ տեղ չոբանի, բայց ոչ մի տեղ մի քանի ամիս չէր մնում, ոչ մի տեղ նրա ոտքը չէր կապվում։ Նա կարծես մի բան էր կորցրել, ման էր գալիս որ գտնի, բայց չէր գտնում․ չէր իմանում, որ կորածն ինքն է, ինքը պիտի գտնվեր ումևիցե ձեռքով և լույս աշխարհք հանվեր։ Շատ անգամ սարից սար, հովտից հովիտ անցնելով՝ որսորդություն էր անում և նրանով հոգում իր հագուստն ու կապուստը, թեև նպատակն այդ չէր. նա թափառում էր անգիտակից, ինչպես մի վայրենի։

Այս վայրենի վիճակը զարգացրեց Արությունի ներքին և արտաքին զգացումները, նրա տեսողությունը, լսողությունը, հոտառությունը, բնազդումը, մտառությունը, նկատողությունը, խորհողությունը և երևակայությունը։ Նա զարգացավ և ֆիզիկապես։ Գարնանային և ամառային բացօթյա կյանքի մեջ հով ու զով տեղերում, ծաղկապատ լեռներում, անմահական աղբյուրների ափերում, մութ: