Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/201

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

անտառներում և ձորերում շարունակ թափառելով՝ Արությունը մի բոլորովին նոր մարմին հագավ, ավելի առողջ ու զորեղ, ավելի հաստ ու կոպիտ, քան թե առաջ էր։ Ո՞վ կարող էր կարծել, որ Արությունը սևը սպիտակից ջոկել գիտե, թե նա երբևիցե Ալբերտի մթնաբանության ծանր լուծի տակ ընկած է, թե նա Չամչյանը ծայրեիծայր անգիր է արել աշըղի խաղի պես։

Չնայած արտաքին կոպտությանը, նա չկորցրեց սրտի դյուրազգացությունն ու քնքշությունը։ Բնավորությամբ երկու սեռի մի խառնուրդ էր ներկայացնում, և այդ երկու իրար հակառակ կողմերը մերթ հաշտվում և օգնում էին միմյանց և մերթ կռվում ու ընկճվում միմյանցից, նայած թե որտեղ, որ կողմն էր ավելի պետք կամ որպիսի տրամադրություն ուներ հոգին։ Բնությունը նրան այնպես էր կազմակերպել, ինչպես դարբինը նրա երկսայրին, խանչալը, որի մի բերանը հաստ էր թողել քար ու քոլ կտրելու համար, մյուս բերանը բարակ՝ փափուկ բաներ ածլու պես թռցնելու համար։ Նա մի գազան էր և միևնույն ժամանակ մի սոխակ, գոռում էր գազանի պես և երգում սոխակի նման։ Պատահմունքը երբեմն այնպես է կրթում մարդու, որպես կարող չէ կրթել ոչ մի տաղանդավոր դաստիարակ. ո՞վ կարող է արհեստական կերպով տալ մեկին այն, ինչ որ միայն բնությունը կարող է տալ, բնությունը, որ գիտե չոր անապատներից մարգարե հարուցանել։ Մտածող միտքը, զգայուն սիրտը միայնության մեջ, բնության գրկում, նրա մեղմ ու ահեղ երևույթների ազդեցության տակ՝ վերանում է մտքով և հափշտակվում մինչև երկինք, հմայվում, կախարդվում է և հոգով ու մարմնով անձնատուր լինում մի աներևույթ զորության։ Այնուհետև գիտակից ոչինչ չի լինում նրանում, նա վարվում է ինչպես մի խենթ, բայց խելքը չկորցրած, այլ վերացրած, թռցրած դեպի վեր, դեպի բարձրը, ինչպես առասպելական Պեգասը Հելիկոնյան լեռների մթնոլորտում։

Արությունը շարունակ մտմտում և մռմռում էր դերվիշի նման։ Խոսակից ընկեր չունենալով, խոսում էր ինքն իր հետ և ի՞նչ օդային ամրոցներ ասես, որ չէր շինում, ինչ ասես որ չէր դառնում «իբր թե»։ Իրապես մի մութ անտառում կամ մի լեռան գագաթի վրա նստած՝ երևակայությամբ նա վայելում էր աշխարհի բոլոր վայելչությունը, բոլոր փառքը, պատիվը, երջանկությունը, ընկնում էր և սարսափելի նեղությունների մեջ, բայց ամեն տեղից դուրս էր գալիս հաղթության դրոշակը ձեռին։ Եվ ինչքա՜ն բարիք էր հասցնում