Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/204

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

երեխան անգամ եթե կողոպտվի, նա կամաչի տուն գնալ, հորն ու մոր աչքին երևալ․ դուք՝ ահագին զռփի տղամարդիկդ, ինչպե՞ս չեք ամաչում կողոպտվել երկու թուրք գյադալի ձեռքով…

Արությունը հեռացավ այդ տեղից և գնաց Լոռի, ուր և իմացավ համբավավոր աշըղի գալը։ Նա գնաց Հայդարբեգ և հանդիպեց աշըղին այն ժամանակ, երբ նա ուզում էր մի մարաքյա սարքել մի քանի աշակերտների հետ։ Մարաքյայի նյութը պիտի լիներ Դուդի ղուշի հեքիաթը։ Գյուղի քեթխուդաները, քահանան և բոլոր մեծ ու փոքրը հավաքվել էին քյոխվայի տան սրահումը և նստել ծալապատիկ՝ մեծերը թաղիքների և մյուսները՝ գետնի վրա։ Արությունը մոտեցավ աշըղին համարձակ և գլուխ տալով՝ ասաց.

- Է՜շխ օլա, ուստա (աշխուժություն լինի կամ կցանկամ)։

- Էշխն չոխ օլա, սաֆա գյալդն,— պատասխանեց աշըղը (էշխըդ շատ լինի, բարի եկար)։

Սրանք սկսեցին խոսել թուրքերեն, ես կդնեմ այստեղ նրանց ասածների և երգածների թարգմանությունը։

Արություն: Պատվելի՛ վարպետ, չի՞ կարելի արդյոք, որ մի րոպե գոտիկ գոտկի զարկենք, մարիփաթ մարիփաթի (այսինքն՝ փորձենք մեր ուժն ու շնորհքը, բա՛ս մտնելով)։ Ես լսել եմ քո համբավավոր անունը և եկել եմ, որ քեզ հետ բա՛ս մտնեմ. հույս ունիմ, որ չես հրաժարվիլ:

Աշըղ. Գլխի՛ս վրա, աչքի՛ս վրա, մեծ ուրախությամբ, շատ սիրով, շատ սիրուն, շատ բարի… Բայց իմ սիրելի, իմ աչքիս լույս, ես տեսնում եմ, որ դու աշըղ չես, դու սազ չունիս կամ սազդ խլել ես տվել, ինձ մոտ առանց սազի եկել։ Ոչ, այդպես չեն լինում ինձ մոտ եկողները, նրանք սազով են գալիս և առանց սազի գնում։ Սիրելիս, դու մոլորված ես, ջահել ես, քեզ խաբել են։ Իմ գիրն այնպես գիր չէ, որ ամեն մարդ կարդա, իմ ջուրն այնպես ջուր չէ, որ ամեն մարդ խմի. ես այնքան խոր եմ, ինչքան ծովի հատակը, այնքան բարձր, ինչքան Մասիսի գագաթը։ Ւ՞նչ կասես, սա՛ն յախշի (դու լավը, այսինքն՝ ինձանից լավը, եթե կարող ես դու ասա)։

Արություն (մտքումը). Այս ի՜նչ ճարտար մարդ է. սրան կարելի չէ հաղթել։ Է՛հ, ի՛նչ եմ հոգում, ինչ կլինի՝ կլինի. ձու հո չեմ, որ կոտրվիմ։ (Բարձր) Գիտե՞ս ինչ կա, վարպետ, դու ճշմարիտ ես ասում, ես աշըղ չեմ. ուզում եմ աշըղ դառնամ, բայց սազ չունիմ: Քո սազը իմ աչքումս մտել է։ Արի բաս մտնենք, հիմի ինչ կլինի՝ կլինի։ Եթե դու կհաղթես, ես իմ հրացանը քեզ կտամ, որ «Ղրիմ-Բախչասարայի»