Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/209

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

պատասխաներ. նա էլ սկսեց, բայց ոչ թուրքերեն, այլ հայերեն, որ նույնությամբ դնում ենք այստեղ.

Ես քո սուտ հարցերը մեկ-մեկ լուծեցի.
Չեմ ուզում հետևել քո մոլորության.
Հենց հիմի մի թեթև բան մտածեցի՝
Ո՞վ է հիմքը դրել հայոց ազզության։

Շոհլային մնաց լռված, սփրթնած, չիմացավ՝ ի՞նչ էր պատասխանել, բայց քեթխուդաներն ստիպեցին Արությունին, որ նա ավարտե իր խաղը. նա էլ շարունակեց.

Եթե դու գովեիր հայոց քաջերին,
Մի համբույր կըտայի սազիդ սիմերին,
Բայց դու հավատում ես շինծու բաներին,
Չըգիտես ո՞վքեր են Արամ ու Տիգրան։

Քեզ սուրբ Կարապետը շնորհք է տվել,
Պարզամիտ ամբոխին սուտ բաներ ասել.
Դու հայերեն անգամ չըգիտես երգել,
Ո՞րտեղից կիմանաս ո՞վ էր Գայլ Վահան։

Ես խեղճ Քերոբեն եմ՝ սարեսար ընկած,
Սնապաշտ հորիցս զրկված, հալածված.
Թե դու էլ լինեիր ինձ չափ կարդացած,
Կերգեիր անդադար Հայ ու Հայաստան…

— Էյվալլա՜,— ասաց աշըղը, սազը դնելով Արությունի առջևը։ Արությունը սաստիկ ուրախությունից չիմացավ ինչ էր ասելու՝ արդյոք Քյոռօղլի՞, թե՞ մի ազգային երգ. հանկարծ միտն ընկավ իր սովորական բայաթին, որ ամեն րոպեում երգում էր, և սկսեց երգել.

Աշըղ ըմ, չա՛լ քչեղակ,
Մըհանի կանչիմ քու տեղակ,
Ախճիգ չըմ թա հըմանչիմ,
Տղա ըմ ծիլ-ծիլ կը կանչիմ…