Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/210

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Այս բայաթին մի շատ հին հանելուկ է, Խաչենու բարբառով ասված. նշանակում է գրած բան, գիրք, նամակ։ Արությունն այս բայաթին ասեց ու սազը վեր առավ գնաց։

— Էս ո՞վ էր, տղեք ջա՜ն,— բացականչեց քեթխուդաներից մեկը զարմանալով, երբ որ Արությունն արդեն հեռացել էր բավականին, ապշություն բերելով բոլոր հանդիսականների վրա։— Էս ո՞վ էր:

— Ճշմարիտ, էս ի՜նչ զարմանք էր…

— Էս ի՜նչ հրաշք էր…

— Տեսնես երկնքի՞ցն եկավ, թե՞ գետնի տակիցը…

— Յարաբ սատանա է՞ր, թե հրեշտակ…

— Դա հողեղեն չէ՛ր…— խոսեց վերջապես աշըղը, երբ որ ամենքն էլ փոխ առ փոխ արտահայտեցին իրանց զարմացումը։— Հողեղեն մարդը չէր կարող իմ ձեռքիցը սազ խլել։ Ես գիտեմ որ…

— Ուստեն ճշմարիտ է ասում, տղեք ջան,— միջամտեց տեր Կարապետը,— բա թամաշա չարի՞ք նրա վառված էրեսին, կասենայիր Ստեփաննոս Նախավըկայի էրեսն ըլի.— Անումն ինչ էր նրա՞…

— Քերոբե՜…

— Որ ասում ե՜մ… Հավատացեք, նա հրեշտակ էր, մարդի շոր հագած, էն էլ թուրքի. ախըր սուրբերը չիմ էլ թուրքի շորով են էրևում…

— Աստված դրա ոտն ուղուրով անի մեր գեղի համար. տեսնես՝ ի՞նչ կնշանակի… քոռոնգատի՝ մեր գրբացն էլ ըստի չի, թե մի գրին մտիկ էր տվել, տեսնեինք ինչ ա ասում…

— Գրբացն ի՞նչ ա իմանում, թե հրեշտակի գալն ի՞նչ կնշանակի,— ասեց տեր հայրը.— բայց ես տեսնում եմ, որ հիմի աստծու աչքը քաղցրացել ա մեզ վրա, մեր ազգի վրա: Բա չլսեցի՞ք, որ ասեց։

Եթե դու գովեիր հայոց քաջերին,
Մի համբույր կտայի սազիդ սիմերին…

Մեր Գևորգն ու Բաղդասարը հիմի Թիփլիս են, ընդիանց գրեր են ուղարկում, որ ես կարդամ, դուք անկաջ դնեք, բայց, մեղքս չեմ թաքցնիլ, ալարս էկել ա, թե կարդամ։ Գրում են, թե՝ «Ժողովրդիդ քարոզի…», էլ չեն գիտում թե ժողովրդի գլուխն էնքան ա հաստացել, որ մամռակալել ա: Էդ Քերոբեն՝ ո՞վ գիտե՝ հիմի նրա համար էկավ ուստի սազը խլեց, որ ինձ զգուշացնի, միտս բերի երեխոց