Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/212

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կսովորեցնեմ քեզ։ Դու ոնց որ ամեն օր Այսմավուրքը կարդում ես, մենք ականջ ենք դնում, էնպես էլ հայոց ազգի քաջ տղամարդոց պատմությունը կարդա, մենք ականջ դնենք։ Ա՛յ, ինչ եմ ասում. ես քեզանից խաղ չեմ ուզում։

— «Կարդա՛»… «Ականջ դնենք»․.. Ես ո՞րդիանց կարդամ, ինձ կարդացրել ե՞ն, որ ես կարդամ…

— Դե ասա՝ չեմ գիտում՝ էլ ի՞նչ ես կմկմացնում․ դու որ տեր֊տեր ես, չես գիդում, ես ո՞րդիանց գիտենամ. էլ ո՞ւր ես վրաս ծիծաղում…

Թողեք տերտերին ու աշըղին, որ իրանց վեճը շարունակեն, մինչև մի խելքը գլխին մարդ դուրս կգա և կորոշե, թե նրանցից ո՛րն է մեղավոր, և որն՝ արդար, մենք գնանք Արությունի մոտ։

Արությունը հեռացավ գնաց, մտավ մի քարայր և սկսեց փորձել, որ տեսնե կարո՞ղ է ածել սազը, թե ոչ։ Սպասեցեք, շվշվացնում է աշըղների եղանակներից և ճնկճնկացնում սազը, բայց չի կարողանում ներդաշնակություն ձգել բոլոր թելերի մեջ, չի իմանում, թե մատը ո՞ր փարդի վրա պետք է դնե։

— Չէ՛, չի լինում։ Յա՛ սուրբ Կարապետ, չանգլի սուլթան, չանգլի փիր… երգեմ, երգեմ, երգելով լավ դուրս կգա…

Թորդանեն Եփրատ բերին, Մշու սարին հավանեցար,— Բանիվ ջորու ծնկովն մեզ զարմանք հրաշք ցուցար…

֊-Չէ՛, չի ըլում, սուրբ Կարապետը չի օգնում… Ուրիշ երգ երգեմ…

Քրիստոնյա եք, անգաջ կալեք, լսեցեք,
Լավ իմացեք պատվիրանն աստծու,
Մաթոս, Մարկոս, Ղուկաս, Ուհան գրեցին
Չորս կլոխ Ավետարանն աստծու։

— Չի լինում, չէ… վերի սիմերը շատ են թուլացել, պետք է սրանց ոտներին մի քիչ հուփ տալ, որ հաստ ձայն չհանեն… Ահա՜ … կտրվեց սիմը․ հիմի ես ի՞նչպես շինեմ։ Բայց ի՞նչ վնաս ունի, մեկ սիմն էլ պակաս լինի թող. մյուսը փորձենք։ Օհո՜… այս էլ կտրվեց. բայց էս ոտի վրա դեռ շատ կա փաթաթված․ տեսնեմ հասնո՞ւմ է… Ափսո՜ս, կարճ է։ Է՜հ, մի նոր ցավ գտա ինձ համար․ մինչև ես սրա հետ կհաշտվիմ, աչքումս մազ կբսնի։ Մեկ ասող լինի, թե սազը քո ինչի՞ն էր պետք, որ վերցրիր բերիր, խեղճ