Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/213

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ղին էլ առանց սազի թողեցիր։ Հաղթեցիր բավական է, ի՞նչ կանեիր սազը։ Ճշմարիտ, ի՞նչ պետք է անեմ ես էս սազը, տանեմ էլ ետ իրան տամ, ասեմ՝ ա՛ռ, վարպետ ջան, քո սազը ինձ պետք չէ… բայց չէ… ետ գնալը լավ չէ, ով գիտե ինչ կարող է պատահել։ Ես գիտեմ ինչ կանեմ այս սազը։ Ես սրան կտանեմ Ջալալօղլի կծա֊խեմ, ստացած փողովս գնդակ ու վառոդ կառնեմ… Իսկ հիմա կերթամ էս մոտիկ փռանգների գեղը։ Այս խեղճ կաթոլիկները չեն իմանում, որ իրանք հայ են, դրանց պետք է հայացնել։ Հենց որ հասկացրիր, թե ազգ ասածդ ինչ բան է, այնուհետև ինչ պատճառ ունի չմիանալու մեզ հետ։ Հիմարները իրանց տունը քանդում են, որ ուրիշ ազգերի տները շինեն… Վեր կենամ գնամ… Այսօր նշանավոր օր է ինձ համար… Հաղթե՜լ. հեշտ է ասելը։ Աշըղին հաղթելը մի պատուհաս է, ամեն մարդի բան չէ։ Բայց ինչ կլիներ իմ ճարը, եթե դժվար ղափիով էր սկսել. ինքն առաջուց պատրաստած կլիներ, ես կմնայի կապ ընկած։ Մեկ դրանց ասող լինի, թե՝ ով հիմարներ, ոտանավոր եք ուզում՝ գրեցեք, երգ եք ուզում՝ շինեցեք, էլ ղափիա՞ս որն է։ Մարդ իմանա, ո՞ր ժամանակից է այդ ձևը մտել մեր մեջ կամ արդյոք հայի՞ հնարած է, թե հետևողություն է ուրիշ ազգի։ Իհարկե սա մի հետևողություն կլինի, հայն այնպես հիմար բան չէր հնարիլ, սա արաբացու բան է, էնդուր էլ աշըղների հին խաղերը բոլորն է արաբերեն են… Մեկ ինձ ասող լինի, թե դու ի՞նչ տեղից գիտես, ինչի՞ ես խելքիդ զոռ տալիս, կարելի է թե փարսերենն էլ է այդպես… մի՞թե քիչ խաղեր կան փարսերեն… Չէ՛, այս ոչ ոք չի իմանալ, եթե ոչ պարոն Հախվերդյանն էլ կիմանար, որ այս մասին ոչ մի խոսք չի ասել և դիտությամբ թե անգիտությամբ լռել է, եթե ոչ՝ ինչ կնշանակե՝

Սայ Սայաթ-֊Նովա գերեզմանն Հինդ, Հաբաշ, Արաբ մի անի:
Այդ միևնույն է, եթե ասեր՝
Սայաթ-Նովա գերեզմանն հուն, զըկեռ, ունաբ մի անի, կամ՝ «ճոն, դերձա՛կ, ղասաբ մի անի»…

Ով որ աշըղի ղափիի նշանակությունը չի իմանում, Սայաթ–Նովի սև արաբը նրա աչքին չի երևում կամ կարծում է, թե բանաստեղծը դրանով մի մեծ միտք է ուզեցել հայտնել, մինչդեռ նրան՝ ղափիի համար պետք է եղել աբ վերջավորությունով մի բառ, նա էլ դրել է «Արաբ», հինդն ու հաբաշն էլ առաջից շարել, որ Արաբը մենակ չմնա, մե՜ծ մե՜ծ բառեր, մեջը դատարկ… աշխարհումս