Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/215

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

թե «ինչպես էր Ավետիք եղբոր քեֆն ու հալը», և երբ խոսք ընկավ Արությունի մասին, նա պատասխանեց, որ այդ մասին հետո կխոսի նրա հետ։

Արդեն երեկոյան ժամասացության ժամանակն էր։ Գյուղի ծխատեր քահանան դուրս եկավ տանից, երկայնակոթ չիբուխից մի թանձր ծուխ բարձրացնելով՝ նայեց արեգակին, տեսավ որ դեռ կարելի էր մի փոքր սպասել, քայլերն ուղղեց դեպի Բարսեղ քյահյան։ Տեր հայրը դեռ շատ հեռու էր, որ Բարսեղ քյահյան ոտքի կանգնեց, մի փոքր ուշ՝ նրան հետևեց և Արությունը։

Տեր հայրը նստեց նրանց մոտ մի քարի վրա և Արությունին թուրք հովիվ, ուրեմն և գող կարծելով, ասաց Բարսեղ քյահյային.

— Ձո Փարսեղ, ասիգ ո՞ւրդից է, Քափանագու չոբան է, հե՞… Ձո, ադամ, մեզի զիան մը չենե՞…

— Չէ՛, տեր խայր, խայ է, Խաչնլվա՛ է…

— Խոզարած է, հե՞.

— Ի՞նչ գըսես գը, աղեկ կարդալ գինա, մերին Ավետիք ախպոր մանչն է…

— Ըղվո՜րտ գըսես գը, ձո մանչի՛կս, ո՞ւր կերթաս գը…

— Ես այստեղ եմ եկել, տեր հայր, ուրիշ տեղ չեմ գնալու։ Ես լսել եմ, որ դուք ուզում եք ուսումնարան բանալ ձեր գյուղումը, բայց վարժապետ չունիք. ես կարող եմ վարժապետ լինել, եթե կկամենաք և կընդունեք։

— Ադանգ իշտե՜… էղնելու պան մը չըսի՜ր…

— Ինչո՞ւ համար։

— Քուղին միտքն ինդո՞ր է, դու խայ ես, մենք գաթոլիգ, ադիկ ի՞նչ ըսել է. «Էգուր քըզի խայ ընեմ» դեյի ըսել չէ՞ մի… Ֆիռանգին ու խայուն մեջ միապանութեն կեղնի՞ հեչ։

— Ինչպես թե՝ «Էգուր խայ ընեմ քզի». միթե դուք հայ չե՞ք, նո՞ր պիտի հայացնեմ ես ձեզ. դուք որ ձեր անունը փռանկ եք դրել, հենց իմանում եք թե փռանգսուզ եք դառե՞լ, ո՞ր փռանգսուզը կհիմարանա՝ իր ազգությունը չճանաչել և իր ազգային կրոնը մի օտար կրոնի հողաթափ շինել։ Վերջապես ես կրոնի վարժապետ չեմ, ձեր կրոնը դուք ինքներդ էլ կարող եք սովրեցնել, բայց եթե դուք ձեր ազգությունը չեք ուրանալ, ազգուրաց չեք լինիլ, ես կսովորեցնեմ ձեր որդոցը հայոց ազգի պատմությունը։ Գիտություն էլ, որքան ես, ունիմ, բոլորն էլ կհաղորդեմ նրանց դյուրին ոճով. վերջապես, ուսում կտամ, գրել կարդալ կսովորեցնեմ…