Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/216

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Խայոց բատմուտեն որի՞ն գըսես գը, խին գռարաշտներու խմա՞ր գրսես գը:


— Այո՞, հին կռապաշտների, բայց որոնք ավե՛լի առաքինի, ավելի հայրենասեր և ազնիվ մարդիկ են եղել, քան թե այժմյան հայերից շատերը, որոնք թեպետ կռապաշտ չեն, բայց պապապաշտ են, որ կռապաշտությունից էլ ստոր բան է։ Վերջապես հին հայերը հո միշտ կռապաշտ չեն եղել։ Մեր Աբգար թաղավորի ժամանակից սկսած հայերը խաչապաշտ դարձան Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալների քարոզությամբ և վերջը սուրբ Գրիգոր Լուսավորչի։ Ես այդ բոլորը կպատմեմ։ Ես այն կպատմեմ, թե ի՞նչ պատճառներից, ի՞նչ հանգամանքներից ստիպված և որպիսի՞ որոմնացանների շնորհիվ միևնույն ազդի, միևնույն եկեղեցու հարազատ որդիքը բաժանվել են միմյանցից և այժմ իրար խորթ եղբայր անգամ չեն համարում և փոխադարձաբար իրար ավելի են ատում, քան մի բոլորովին օտար և մինչև անգամ չքրիստոնյա ազգի։ Այս րոպեիս դուք ամոթ եք համարում և մինչև անգամ մեղք ձեզ հայ անվանելու և չեք զգում, որ դա մի հայուրացություն է...


Տերտերը նկատեց, որ Արությունը վտանգավոր քարոզիչ չէ, որովհետև գիժ է, ուշ չդարձրեց այլևս նրա խոսքերին և մի ավելի խոհեմ մարդու դիրք բռնելով՝ վեր կացավ գնաց ժամ։


Բարսեղ քյահյան Արությունին տարավ իր տուն, ուր ներս մտան թե չէ, աղջկեքն ու հարսները տանտիրոջ ակնարկությամբ համբուրեցին Արությունի ձեռքը, կատարելով իրանց հյուրասիրական սովորությունը։


Ընթրիքից հետո Արությունը բարկացած լինելով տերտերի վրա՝ սկսեց հայ կաթոլիկների մոլորության դեմ շատ բաներ ասել և քարոզել Բարսեղ քյահյային ազգություն։ Բարսեղ քյահյան, որ մոլեռանդ մարդ չէր և սերտ բարեկամություն ուներ շատ լուսավորչականների հետ, համակրում էր Արությունի բոլոր ասածներին տաքարյունության վերադրելով նրա համարձակությունը, քան թե գժության, բայց ոչինչ չասեց, բացի այս մի խոսքից, թե՝


— Քուգին ըսածը բիյություն ջշմարտուտեն է մա՝ ինչ պիտ էնես օր՝ գարքավորնիս առաջնիս կփագեն գը, իշտե ինքդ ալ գդեսնես գը...


Արությունը մտքումը դրավ, որ էլ այնուհետև ոչ ոքի չհայտնե, որ ինքն այբբեն գիտե։ Լավ համարեց, որ իրան մի չոբան կամ ավազակ կարծեն, քան թե գիժ կարդացող։ Բայց այսուամենայ-