Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/225

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կողմից իր առաջվա վիճակը, մյուս կողմից իր մոր կարոտը աներևութապես քաշում, տանում էր Արությունին, որի մեջ վառ ու պայծառ լինելով սիրո զգացմունքը, չէր կարողանում կարծրացնել մի այնպիսի սիրտ, որ ի բնե չէր ստեղծված կարծր լինելու… Արությունի առաջարկությունը՝ մոր վերաբերությամբ, Պողոսի սիրտը բնավ չշարժեց, այդ զգացմունքը նրա համար խորթ բան էր, ոչ զգալի էր, ոչ էլ հասկանալի։

— Բա՜հ, նրա քավթառ իմանը… — պատասխանեց Պողոսը։ –Տո մի թող կորչի, բան չունե՜ս։ Պառավ մարդ հո չե՞ս, որ խրատ ես տալիս… Արութին, հլա ինձ ականջ դի… Ես խաչնեցոց անումը իմ պապերիցն եմ լսել… Թե որ դու նրանցից ես, հունարդ նշանց տուր…

— Ի՞նչ ես ասում, ի՞նչ ես ուզում անես…

— Ինձ քոմագ արա, Արութին ջան…

— Ի՞նչ ա, ուզում ես տերտերի աղջկանը փախցնես…

— Ինձ հետ արի, քու արևին ղուրբան, Արութին…

— Չեմ գալ, ես դավի չունիմ, ինչ ուզում ես արա…

— Հը՜մ… Չես գալ հա՞… էն տղի հերն անիծած, ով քեզ չսպանի… Մի գալ… Էլ ձեր տան երեսը չես տեսնիլ…

— Է՜յ, Լոռվա արջ, բերանդ քեզ պահի, թե չէ՛, տեսնում ե՞ս էս խանչալը, սրանով իմ հերը շատ ղզլբաշի գլուխ ա կտրել, հիմի էլ իմ ձեռքն ա ընկել… Ախմախ, տերտերը քեզ համար ա աղջիկ պահել, որ դու քաշ տաս չոլեչոլ գցե՞ս… Թե որ նա քեզ սիրում ա, ինչի՞ էն օրը ջրի ճամփին քեզ բիաբուռ արավ, թե՝ «խնչեմ վրեդ, դու ո՞վ ես, որ քեզ ուզեմ»… Քու տունը ծակվի ոչ, մարդը մարդ ա, խոզը՝ խոզ, արջն՝ արջ։ Ես էնքան հորսկաններ եմ տեսել, որ քու գլխի մազի համբարքովը մին։ Նրանք որ մարդամեջ են մտնում, ոչով չի իմանում, որ քոլի մարդիկ են, ամմա դու ամեն տեղ էլ քու արջությունը նշանց ես տալիս։ Ախր ես քեզ ի՞նչ եմ ասում, դու ինձ ի՞նչ։ Մորդ հետ ինչի՞ ես խանչալով խոսում, ա՛յ ես քեզ ինչ եմ հարցնում…

— Դե որ ըտենց ու ըտենց, իմ աղ ու հացը քու աչքերը քոռացնի…

— Ես քու աղ ու հացը չեմ կերել, որ իմ աչքերը քոռացնի։ Բա էնքան խոզի ու պախրի մսերով առած աղ ու ալրիցն ինձ փայ չունի՞մ։ Մեկ օր էլ ա դարտակ ետ չեմ դառնալ, քեզ նման չեմ ասել, որսս կապվել ա… Կկարմրես, հա՜պա, ա՜րջ…