Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/236

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

երկուսիդ կհրամայեմ, որ գնաք մեկ լիվ խոզ բերեք, երկուսիդ էլ, որ գնաք հաղող բերեք, երկուսիդ էլ, որ գնաք մեկ պղինձ, մեկ ջրաման, աղի հաց բերեք, երկուսս էլ կմնանք էստեղ։ Դե՛, վեր կացեք։ Խոզի դնչիցը կբռնեք ուսուլով ու էն սահաթը ղայիմ կկապեք, որ ձենձուն չհանի ու խոզարածներին զարթացնի։ Հաղողը ճաղարանց բաղիցը կբերեք, ծոցներդ քարով, հողով լցրեք, որ բազմանչին պատահի, աչքերը հող ածեք։ Դուք էլ պղինձի գնացողներ, էնպես պետք է մտնեք գեղը ու էնպես դուրս գաք, որ ոչով չտեսնի, ոչ մի շուն չհաչի։ Հասկացա՞ք, թե չէ։ Դե՛, աստված կանչեցեք, գնացեք:


Պարոն կարդացող, հավատալդ կգա արդյոք, որ մեր քաջերը առանց փոքր-ինչ մտածելու և ձանձրանալու ուրիշների սեփականությունը կողոպտելու գնացին և այն էլ աստված կանչելով։ Եթե ես լինեի, ալարս կգար և ամենևին տեղիցս չէի շարժվիլ, բայց նրանք՝ որսորդի շունը քեզ օրինակ։ Որսորդը հրացանը ուսն առնելուն պես, շան աստղը փայլում է, այնպես է ուրախանում ու իսկույն առաջ ընկնում, որ կարծում ես... ի՞նչ կարծես, ոչինչ էլ չկարծես։ Այսքանը ստույգ է, որ ջիրիդի սովոր ու թալիմ առած ձին զուռնի ձիահանգին որ լսում է, ոտքերը գետնին է զարկում, ուզում է կապը կտրել, դուրս ընկնել գոմից և շլինքը ծռմռելով օձապտուտ ձևի արշավանքով զվարճանալ։ Այնպես չե՞ն միթե տանցի ու լեզգինկայի սովոր աղջկունք ու երիտասարդք, երբ այդ եղանակը հնչում է մուզիկան կամ զուռնան։ Այսպես են և փահլևանները և կռվասեր եզ ու գոմեշները, երբ հանում ես իրանց ախոյանի առջև։ Քաջությունը ոչ խելք է և ոչ նյութ, այլ մի ոգեկան ույժ։ Ում մեջը որ այդ զորությունը կա, գործադրելու հարկավոր դեպքերում ոգեվորում է նորան։ Մի խոզի դունչ կապել, որ ձայն չհանի կամ այգեպանի աչքերը հող ածել, որ չճանաչի իր թշնամուն, ավազակների համար դոքա այնպիսի ուրախացուցիչ ու զվարճալի միջոցներ են, ինչպես մեզ համար մի հաջողակ հաճելի խոսք ասելը մի գեղեցկուհու։


— Ի՞նչ ես փիքր անում, Ա՛րզուման,— հարցրեց մնացողներից մեկը մյուսին՝ կրակի վրա նորանոր գերաններ դնելով, թեև առանց էն էլ ոչ թե մեկ, այլ քսան խոզ էլ կարող էր խանձել։ Երբ որ վեց հոգին գնացին և մնացին այս երկուքը, դոքա սովոր լինելով այդպիսի բաների, ոչինչ մտածողության մեջ չընկան, թե արդյոք իրանց ընկերքը հաջողությամբ կվերադառնա՞ն, թև՞