Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/238

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գեղը ու էնպես դուս գաք, որ մի շուն, մի կատու էլա չիմանա. ձեզ ինչպե՞ս գտան, որ էս բաներն ուղարկեցին։

— Ա՛ստվա՜ծ, երկինք, Արզուման, մի հոգի էլա չի իմացել։ Մենք ամեն բան վեր կալած Նեսունց տան կշտովն անց էինք կենում, մեկ էլ տեսնենք մթնումը չափարի տակին մի շվաքի պես բան է երևում. մոտեցա, տեսնեմ մի հարս։ Ես ասի՝ հրես կփախչի որտեղ որ է, բայց նա փեշիցս բռնեց ու էդ տվավ լուռ ու մունջ, առանց մի խոսք ասելու։ Հետո ես ճանաչեցի. ասի, դու Մարիամն ե՞ս. նա գլխով արավ ու փախավ։

Արզումանը գլուխը քաշ գցեց ու հառաչելով փնթփնթաց քթի տակին։ «Երա՜զ, երա՜զ»։

Այս ժամանակ հրացանների ձայներ լսվեցին։ Տղերքը հանկարծ վեր թռան տեղերիցը և սկսեցին կասկածել՝ թե չլինի՞ իրանց ընկերների վրա հարձակվեցին այդ մարդասպան գործիքները, բայց սրա վրա շատ չանցավ, հաղողի գնացողներն եկան։ Շալվարների լեն փոխկերքը հաղողով ու խնձորով լցրել ու խուրջինի պես ուսներին էին գցել։ Բեռը ցած դրին ու կարմրած երեսներից քրտինքը գտակներով սրբելով՝ նստոտեցին կրակի ղրաղին։

— Տղե՛ք, ոչով հո չտեսա՞վ ձեզ,— հարցրեց Արզումանը։

— Բաղվանչին տեսավ… վա՜յ էն տեսնելուն, որ տեսավ… իրան մահը տեսավ… աշխարհքը գլխին մթնեց, մեզ չճանաչեց,– ասաց գողերից մինը հոգնածությունից շնչարգելվելով։

— Տղե՛ք, չլինի խեղճի օրը սևացրիք։

— Չէ՛, չէ՛… մի ծիծաղ էր, ծիծաղ։ Դեռ էսպես խելոք բան չէինք արած։

— Մտանք բաղը թե չէ, գնացինք բաղվանչու դագին մտիկ արինք, տեսանք էնտեղ չի։ Դես ու դեն ընկանք, տեսանք վերի մեծ խնձորքի տակին քամակի վրա պառկած խռմփացնում ա։ Մենք էլ էս կուզեինք։ Շալվարս հանեցի տվի Մագոյին, ասի դու գնա արխային հաղող քաղի, ես սրան կպահեմ։ Մագոն գնաց, ես ուսուլով մոտեցա բաղվանչուս, խանչալս հանեցի ու մահվան հրեշտակի նման գլխավերևը կանգնեցի։ Մի խելիմ ժամանակ մեռածի պես խռմփացնում էր, մեկ էլ էրազ տեսա՜վ, խշխշոցն ականջ մտա՜վ, թե մոծակները զոռեցին, մեկ էլ տեսնեմ սա ժաժումաժ ա գալի։ Չէ՛, տեսա, որ սա գլուխն էլ ա ուզում բարձրացնի, ես խանչալս պսպղացրի։ Բաղվանչիս մահն աոաջին տեսավ, թե չէ, քաղցր քնի մեջ մտավ։ Մագոն իրա բանը որ պրծավ, բաղիցը դուրս եկավ,