Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/240

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կյանքից, բայց մյուս կողմանե այն լավությունն էլ ուներ, որ տան բոլոր անդամները իրարմե հեռու մնալով, միշտ իրարու կարոտ էին քաշում և միմյանց հետ սիրով մնում։ Ահագին մեծություն ուներ այդ տան շինությունը, և եթե այդպես շեն չլիներ, մտնողի վրա սարսափ կբերեր, հիշեցնելով հեքիաթների մեջ եղած դևերի բնակարանները։


Հարյուր երեսուն տարեկան էր, որ մեռավ այս տան վերջին նահապետը, և ինքը Հոբ Երանելու պես ականատես էր յուր բոլոր ժառանգների և հարստության կարճ միջոցում ոչնչանալուն, և նրա պես աստծու փառքը իր բերնից չպակասացրեց մինչև մահը։ Ես շատ անգամ եմ տեսել այդ նահապետին։ Հակոբ էր նորա անունը և միշտ միտս էր գցում հրեից Հակոբ նահապետին։ Շատ անգամ եմ համբուրել նրա ձեռքը և նա ինձ օրհնել է։ Նրա օրհնությունը մեծ տպավորություն էր գործում իմ մանկական սրտի վերա։ Սուրբ էր համարվում դրանց օջախը և սովորություն կար գյուղի մեջ, նորապսակ հարս ու փեսաներին եկեղեցուց դուրս բերելուց հետո կբերեին դրանց օջախը համբուրելու։ Չոքում էին նորապսակները, օջախի քարից համբուրում և ծերունազարդ Հակոբի օրհնությունն ստանալով՝ գնում էին իրենց մուրազին հասնում։


Ահա այս տանից մնացել էին երկու աղջիկ միայն։ Մեծի անունը Մարիամ էր, իսկ փոքրինը՝ Հերիքնազ։ Մարիամին մի ղարաբաղցի մարդ ուզել էր և տան փեսա դառել, Հերիքնազին էլ իրենց մոտ էին պահում։ Հայտնի բան է, այն մեծ տանը չէին բնակում, այլ մի ուրիշ փոքր սենյակում։ Մարիամը շատ սիրուն էր, Հերիքնազն աննման էր. երկու հյուրիփարի։ Մարիամն ուզում էր Հերիքնազին տալ Արզումանին, հետևելով յուր սիրելի քրոջ սրտի ընտրությանը։ Արզումանը նույնպես մեծ օջախի որդի էր, բայց այժմ յուր մոր մինուճարն էր։ Նա չուներ ոչ հարստություն, ոչ մի ուրիշ բան, բայց միայն մի քաջություն, մի անվեհեր սիրտ, որ շատ անգամ ի չարն էր գործ դնում։ Մի տեսակ ժառանգական հպարտություն կար նրա մեջ, որովհետև նա իր չքավոր տեղովը հարուստ ու կարող մարդու շլինք չէր ծռում և նրանց բոլորին իրան թշնամի, իր հայրական սեփականության հափշտակից համարելով՝ միշտ աշխատում էր վնասել նրանց, որքան որ իր ձեռքիցը կգար։ Արզումանի ահից ոչ ոք չէր կարողանում մի լավ ձի պահել։ Այս տղան ոչինչ բան չէր գողանում բացի ձիուց։ Սրա պատճառը հոգեբաններն ավելի լավ կիմանան, միայն պետք է այս էլ ասեմ, որ այսուամենայ–