Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/242

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

անգամ ավելի Էր կրկնում իր փորձերը, որոնց ձայնը լսելով՝ դրացիները կարծում էին, թե Շամիրը կլինի անպատճառ: Թեև Հերիքնազից ամեն բան կհավատային, բայց այդ բանին ականատես չէին լինում։ Շամիրը միշտ գանգատվում էր, թե բարութս պակասում է, և չէր գլխի ընկնում, որ Հերիքնազն է նրա վառոդի գողը։

Լուսնյակի շողքը ուղիղ Մարիամի երեսին ընկնելով՝ զարթացրեց նրան. հենց այդ ժամանակ մի ոստյունի ձայն հասավ ականջին։ Արզումանն էր այդ, որ չափարի վրայից թրմփաց։ Մարիամը փոքր-ինչ ահ զգաց և ձեռքը մեկնեց դեպի հրացանը, բայց մեկ էլ մտածեց, որ անպատճառ Արզումանը կլինի, որին անհամբեր սպասում էր, թեև չէր պատահած ոչ մի անգամ, որ գիշերով նրան հյուրընկալած լինի։ Ասում են՝ սիրտը սուրբ կըլի ու նախազգալու զորություն ունի։ Ղորթ է թե սուտ այս բանը, ես չգիտեմ, միայն այս անգամ ճշմարտացավ Մարիամի նախազգացմունքը։ Շտապով հագավ նա իր շորերը և նստեց տեղի մեջ։ Արզումանն արդեն գիտեր Շամիրի բացակա լինելը, այդ պատճառով համարձակ առաջ գնաց և Մարիամին տեսնելով՝ «բարի իրիկուն» ասաց։

— Արզուման, դու ե՞ս,— հարցրեց Մարիամը, որպես թե լավ չճանաչելով։

— Ես եմ,— պատասխանեց Արզումանը։

— Էդ ի՞նչ կա ձեռիդ։

— Ոչինչ, մի քիչ միս է, մի քիչ էլ հաղող է ու խնձոր։

Մարիամը վեր կացավ իսկույն, ձեռքից առավ այդ բաները և նրան համեցեք արավ նստեցրեց, պատվիրելով, որ Հերիքնազին չզարթացնի։

Հերիքնազը զարթել էր և սուտ քունն էր դրել իրան, գլուխը յորղանի մեջ թաղելով։ Բայց Արզումանը, նայելով այդ յորղանին, սաստիկ բարկանում ու նախանձում էր, որ իր սիրուհին իր աչքի առաջ այդպես անգթությամբ փաթաթել, անջրպետել է իրանից: «Ես դեռ մի վերմակի չափ երջանկություն չունիմ», երևի ասում էր նա իր մտքումը։ Նրա երևակայության առաջ այս րոպեիս յորղանը, դոշակը, բարձը, անկողնակալը, և մինչև անգամ շրջակա պատերն ու քարերը ոգի ստացած՝ որն ուրախանում ու համակրություն էր ցույց տալիս իրեն, որն էլ տնազ էր անում և խնդում Արզումանի վրա։ Նրա աչքում յորղանը այս վերջիններից էր անշուշտ։