Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/243

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Մարիամը Արզումանի բերածները տեղավորելուն պես ետ քաշեց կրակի անթեղը և խանձողների ծայրերն իրար մոտեցնելով կրակը վառեց։ Մի քանի րոպե չանցած՝ ձվածեղ շինեց և մի քանի շամփուր խորոված։ Արզումանը շատ ասաց, որ իշտահ չունեմ, հաց եմ կերել, ջափա մի՛ քաշիլ, թեև սուտ էր ասում, և Մարիամն էլ թեպետ հավատում էր նրա խոսքին, բայց անկարելի բան էր, որ իր ուզածը չաներ։


— Դե որ էդպես է,— ասաց Արզումանը,— քրոջդ էլ վեր կացրու, թող նա էլ գա հաց ուտի, մինչև նա չվեր կենա, ես թիքա չեմ դնիլ բերանս։


Մարիամը համաձայնության ժպիտ ցույց տվավ ու գնաց, ներսը շոր փռեց, ճրագ վառեց, սուփրա գցեց, Արզումանին ներս կանչեց, նստացրեց ու դուրս եկավ, որ քրոջը զարթացնի։


Արզումանը ներս գնաց թե չէ, սուտ քնած Հերիքնազը գլուխը բարձրացրեց և սկսեց չեմ-չեմ անել քրոջ առաջարկությանը և կամակորվելով՝ չուզեց ներս գնալ։ Մարիամը ներս գնաց ու ուզեց սուտ ու մուտ պատճառներով քրոջ չգալը թույլատրել։


Արզումանը ավելի պարկեշտության վերագրելով այդ բանը, լռեց, բայց հալալ հաց էլ չկերավ։ Նա ավելի լավ էր համարում Հերիքնազից մոտիկ քաղցած նստել, քան թե նրանից հեռու՝ առատ սեղանին։ Շուտով դուրս եկավ իր առաջվա տեղը նստեց։ Մինչև Մարիամը սափրեն կհավաքեր, ամեն բան իր տեղը կդներ, Արզումանը աչքը գցել էր ճրագին ու տեսնում էր, ինչպես գիշերաթիթեռնիկը ճրագի չորս կողմը պտտվելով՝ այրում էր իր թևերը, որով վերջապես խեղացավ բոլորովին և ընկավ ճրագի վրա, այրվեց։ Արզումանը, որի համար այդ րոպեն ամենայն բան սեր էր շնչում, սկսեց կցկտուր խոսել— «ճրագին սիրում է փարվանան, գլխովը պտտվում է, բայց անգութ ճրագը նրան չխղճալով՝ էրում է»։


Այս լսեց Հերիքնազն ու սկսեց փնթփնթալ քթի տակ, թե՝ «փարվանան ճրագը չի սիրում, ուղում է հանգցնել նրան, նա էլ ջգրու էրում է»։


«Լեզվիդ մատաղ», ասաց Արզումանն իր մտքումը, «էդ քաղցր լեզվովդ, որ դու անիծես էլ, ես օրհնենքի տեղ կընդունեմ»։— Ախչի, էդ ի՞նչ ասացիր, մեկ է՞լ ասա,— ստիպեց Արզումանը։


— Ասեցի, որ հասկանաս, չասեցի, որ սովորես,— պատասխանեց Հերիքնազը իր սովորական հեգնական ձևովը։