Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/248

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Թարաքամի շունը քաղաք մտած ժամանակ պոչը փորի տակն է գցում և այնպես կուչ գալիս, որ տեսնողն ասում է սրա պես խեղճ ու վախկոտ արարած չկա աշխարհիս երեսին։ Բայց եթե այս միևնույն շանը տեսնես իր սովորական տեղը, իր ոչխարի մոտ, իր տիրոջ տան առջև, բոլորովին այլ հասկացողություն կկազմես նրա մասին։ Պոչը չամբար է անում, դնում մեջքին և այնպես է բոլթա տալիս վեհանձն առյուծի պես, որ թավադի որդին անգամ տեսնելիս կնախանձի նրա նազաշարժությանը։ Փորձ փորձիր ահա այստեղ մոտենալ նրան և դու կտեսնես այնուհետև, թե ի՞նչ գազանի հետ գործ ունիս։ Այն քաղաքացիք, որոնք քաղաքի մեջ են ճանաչում գյուղացոց, շատ սխալ գաղափար են կազմում նրանց մասին։ Նրանք այստեղ միայն խեղճություն և հիմարություն են երևցնում, ուրիշ ոչինչ, և այդ են տեսնում միայն քաղաքացիք և ավելի խղճում կամ արհամարհում։ Չեն կարծում, որ նրանք էլ են մարդիկ և իրենց ունեցած բոլոր կրքերը նրանց մեջ ևս կա և այն՝ չափազանցությամբ։ Ո՞ր քաղաքացին կարող էր հասկանալ թե Շամիրն ի՞նչ գազան է. բայց նա այժմ իր տունն է հասել, քաղաքում ներս քաշած պոչը այստեղ՝ չոբանի շան պես չամբար է արել, ուզում է հասկացնել, որ ինքն է այս տան տերը, ուզում է իր տղամարդկությունը ցույց տալ։ Շամիրը Դիզակու արջերիցն էր։ Եկել էր Վրաստան, որպես թե մարդ դաոնալու, բայց այնպիսի մի գյուղի մեջ էր ընկել, որ իրանք կարոտ էին դեռևս մարդանալու։ Մի բուդալա[1] տղա էր Շամիրը, երբ որ եկավ այս գյուղը և Մարիամենց տանը նոքարություն էր անում մի քանի տարի։ Հանգամանքը այնպես բերավ, որ Հակոբի մեծ օջախը անշքացավ և Մարիամին խորհուրդ տվին Շամիրին ուզի, որ տան փեսա դառնա, իրանց օջախի ճրագը վառ պահի. և այլ այսպիսի պառավական խրատներով Մարիամին պսակեցին Շամիրի վերա։ Այս ամուսնությունը Մարիամի սրտովը չէր, բայց մի անգամ որ ասաց հնազանդ եմ, էլ այնուհետև ոչինչ կարող էր անել։ Մի քանի ամիս որպես նորապսակ, սեր ցույց տվավ, և մեղրալուսինն անցնելուց հետո երբեմն՝ փորացավ, երբեմն՝ սրտացավ ունիմ ասելով, չէր հոժարում իր ամուսնու հետ լինել։ Շամիրը սկզբում հավատում էր իր կնոջ ասածներին, բայց հետզհետե դեպի ինքը սառնություն նշմարելով՝ սկսեց մտածել, թե՝ «իմ կինը

  1. Բուդալա - անտուն, անտեղ, միայնակ, սայթ։