Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/250

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

զրուցընկերը նրա կողքին չի նստած, այլ կամ կտրին է, կամ մի այլ սենյակում, միջնապատով անջրպետված իրանից։ Իսկ հայերեն չիմացողը կկարծի, թե սրանք ոչ թե խոսում են սիրով, այլ կովում են, և մի մեծ վեճ կա իրանց մեջ։ Ի՜նչ ասել կուզի, որ վեճ ու կռիվ եղած ժամանակ էլ խոսելու ձայնն այնքան է բարձրացնում, այնպիսի բղավոց ու ճղավոց է լինում, որ ինչքան չափազանցացնես, դարձյալ իսկականի ստվերը կլինի։

— Վերի հողերը, Ճաղարանց տափը,— պատասխանեց Արզումանը ավելի մեղմ և տխուր եղանակով։

— Հը՜մ… գիշերս կովի երազ եմ տեսել…

— Երազ էլ որ տեսած չլինես, կոիվը լինելու է անպատճառ։

— Հիմի գնա՛նք, ինչ կլինի, կլինի…

— Գնանք,— մաճկալը հրամայեց և գութանը ճըլվստալով գնաց դեպի ճաղացանց Թաթոսի տափը։ Մենք մի առած ունինք, որ ասում է՝ «Խոփդ սուր է, բայց հանդը բաժանովի է»։ Այս առածը խեղճերն են ասել, իսկ իշխողերն ուրիշ առած են ունեցել, որ է՝ «Քաջերի սահմանը իրանց զենքն է»։ Գյուղացիք սովորություն ունին վարելու հողը բաժանելու իրանց մեջ ամեն տասը կամ տասնհինգ տարին մեկ անգամ, բայց ամեն անգամ հեշտությամբ չեն բաժանում, քիչ հողատերերը սկսում են կռվել շատ բաժին ունեցողների հետ, և եթե մի կերպ բաժանում են, ավելի ուժեղները թույլ չեն տալիս իրանց հողին ուրիշը մոտենա։ Նվազած օջախների հողերը վարում են զորեղները և նրանց վերջին միակ շառավիղը չափահաս դաոնալով՝ հող չի ունենում վարելու։ Այսպիսիններին քյոխվան մի կերպով պահպանում է, ավելի հող ունեցողներից մի կտոր տալով, մինչև օրինավոր բաժին լինելը։ Ճաղարանց Թաթուլը Արզումանի հոր բաժինը սեփականել էր, քյոխվան էլ հրաման էր տվել Արզումանին, որ գնա նրա տափերից մեկը վարի։ Հիմա տեսնենք ի՛նչ է դուրս գալիս սրանից։

Գութանը տեղ հասցրին, և հազիվ հինգ վեց ակոս էին արել, հանկարծ գյուղի մեջ մի շփոթ ընկավ։

— Ադա՛, Մա՛րտիրոս, Կի՛րակոս, հա՛սեք, մեր տափը վարում են։ Մեկ տեսեք էդ ո՞վ ա, էդ աչքերն արնով լքցվածը, մեծ թիքեն ականջը թողեցեք,— ասաց մի թեև ալևոր, բայց բավականին ժիր ու առույգ մարդ։