Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/252

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

չէր լսում։ Եղան էր, որ վրա էր գալիս սրա նրա գլխին, էլ բըհիր ասես, դագանակ ասես, չոմբազ ասես, մահակ ասես, նորեկների կողմից իջնում էր սրա նրա գլխին, սրա նրա թիկունքին։ Հոտաղները մի-մի ճիպոտից ավելի բան չունեին, իսկ դրանով էլ ոչինչ չէին կարող անել, ճարահատյալ փախան, որ իրանց անզեն գլուխն ազատեն։ Մաճկալի գլուխը վաղուց արդեն կիսել էին և գցել ակոսի մեջը։ Խեղճ կենդանիները, այն անբան եզ ու գոմեշներն անգամ չազատվեցան հաստ մահակների հարվածներից։ Բայց ի՞նչ էր անում այդ միջոցին Արզումանը։ Նա սկզբում սկսեց իր ձեռի սրբիչով միայն ինքզինքը պաշտպանել, աշխատելով հասկացնել նրանց, թե ի՞նչ իրավունքով է վարում այդ հողը. բայց տեսավ, որ աչքերն արնով լցված է, ոչինչ չեն ուզում լսել, մանավանդ երբ որ տեսավ իր մաճկալի կիսաշունչ ընկնիլը, սրբիչի զորությունը պաշտպանողականից հարձակողականի դարձրուց և մի քանի րոպեի մեջ բոլոր կռվողները վեր թափվեցին, միայն մեկը կարողացավ իր գլուխը պրծացնել և գյուղը հարայի վազել։ Գյուղից նոր մարդիկ եկան իբր կռվի առաջն առնելու համար, բայց էլ ի՞նչ օգուտ, ինչ որ լինելու էր, եղել էր։ Երեք մարմնի մեջ այլևս հոգի չկար, մեկն հոգեվարք էր և մյուսներն էլ վտանգավոր դրության մեջ։ Հայհոյանքն ու կռիվը սուգի ու շիվանի փոխվեց։ Գեղից սայլեր բերին և իրանց քաջերին տարան, որին սաղացնելու, որին թաղելու։

Է

Կարելի՞ է արդյոք նկարագրել այն պառավ մոր դրությունը, որ այս րոպեին իմացավ, թե իր մինուճար որդին, իր ազիզ-մազիզ մուրազի վրա եղող Արզումանը այնպիսի մի փորձանքի է պատահել, որ նրա տեսողությունից հավիտյան պիտի զրկվի։

Խեղճ պառավը գութանավորի համար առավոտյան կերակուրը բերելիս ճանապարհին տեսավ, որ շատ մարդիկ են վազում դեպի իրենց գութանը, սկսեց կասկածել, թե էս ի՞նչ է պատահել արդյոք, չլինի՞ իր երեխայի գլխին մի վատ բան է եկել։

Պառավ Շողակաթը մի տարօրինակ կասկածոտ բնավորություն