Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/257

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ասիլ։ Բայց հիմա ճաղարանց Թաթոսը ո՛վ գիտե գեղի ամեն քնջումը քա՛նի պահապան է դրել քեզ համար։

- Որ իմանամ թե կտոր-կտոր կանեն, ճար չկա, պետք է գնամ,- պնդեց Արզումանը։— Էս էլ ասեմ ձեզ, որ ես մեր տունըչեմ գնալու։ Պահապաններ որ լինին, մեր տան մոտերքին կլինին։

-Լա՛վ, ինչպես ուզում ես, էնպես արա։ Թե որ կուզես մեր տղերանցից էլ մի երկու ձիավոր թող գան գեղի տակին թաք կենան, թե որ բան է, մի փորձանք պատահելու լինի, օգնության հասնեն։

- էդ էլ չի հարկավոր, ես մենակ կերթամ, միայն ձեր ո՛ր ձին որ լավն է, էն ինձ տվեք։

- Իմ սև ձին քեզ փեշքեշ,— ասաց ավազակապետը։— Սևը լավ է, գիշերն էլ մութն է, ոչով չի տեսնի։ Միայն ձիով չմտնես գեղը, որ ոտի ձենը չլսվի, շուն ու մարդ չհաչի վրեդ…

Այս խոսակցության ժամանակ հանկարծ մի մարդ ներս մտավ և մի խումբ մարդկանց հանդիպելով՝ տեղնուտեղը մեխվեց։ Այս մարդը որքան որ ինքը վախեցավ, նույնքան էլ մեր քաջերին վախացրեց, որոնք իսկույն հրացանները ձեռք առան և ոտքի կանգնելով գոչեցին՝

- Թարփա՛նմա, վուրդըխ (չշարժվիս խփեցինք)։

Նորեկը ութ-ինը հրացանների խողովակների պսպղալը իր դիմաց տեսնելով, քիչ մնաց պիտի համրանար, բայց մեկ էլ խելքը գլուխը ժողովելով հասկացրեց, թե ինքը մի որսորդ մարդ է և բոլորովին անգիտությամբ մտավ այստեղ։ Սրա ձայնից Արզումանը ճանաչեց, որ Շամիրն է։ Ավազակապետին հասկացրեց, որ Շամիրին դուրս չթողեն մինչև առավոտ։ Բավականին մութն էր, և անհնարին էր կերպարանքից ճանաչելը։ Շամիրին հրավիրեցին նստել և ասացին իրան, որ չեն կարող թողնել մինչև առավոտ, ըստ որում չեն կարող հավատալ նրան, որպես անծանոթ մարդու։ Շամիրը ասաց, որ ինքը ևս միտք չունի մինչև առավոտ երթալու և ավելացրեց, թե ես մի քարեծ եմ սպանել և բավականին միս ունեմ պարկիս մեջ, եթե կամենաք կրակ վառեցեք, խորոված անենք։

Շամիրի փորը ավելի նրա համար էր ցավում, որ այս մարդոց երեսը լուսով տեսնի և խիստ փափագում էր Արզումանին սրանց մեջ տեսնել, որ մյուս օրը երթա գյուղումը պարծենա, թե ինչպես ինքը մի գիշեր կարողացել է ավազակների հետ անցկացնել և նրանց մեջ տեսնել Արզումանին։