Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/269

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մարիամը գիտեր, որ ուրախությունը իշտահ փակել գիտե, բայց ախորժակ բանալու հնարքը նույնպես գիտեր։ Մի քյոռօղլու բաժակ արաղով լցրեց տվավ Արզումանին, ասելով՝ «Իմ ու Հերիքնազի կենացը մի ստաքանով պիտի դարդկես»։ Արզումանը ոչ օղի և ոչ գինի իմելու սովորություն չուներ, բայց այդ խոսքի համար թույն էլ որ լիներ, կխմեր։ Մի չաղ հավ էր եփել Մարիամը և մի քանի ձու խաշել։ Լավ ախորժակով կերավ Արզումանը, բայց հիմի էլ կշտանալու զգացմունքն անհայտացավ։ Մարիամը տեսավ, որ Արզումանի ծամելիքները դադար առնելու մտադրություն չունին, վեր կացավ մի մեծ աման սալ-սալ մածնով լցրեց դրավ առջևը։ Այս էլ սրբեց մեր հերոսը և հետո ասավ՝ չանես բեզարեց, էլ ոչինչ չեմ ուզում։ Ութ օր կա, ինչ որ էսպես իշտահալի հաց չեմ կերել։

Այս միջոցին աքաղաղը կանչեց։

—Այ զահրըմա՜ր…— ասաց Ալզումանը համարյա աքաղաղի չափ բարձր ձայնով։— Էրնակ մութն ընկներ աշխարհքի վրա, էլ մեկ սաղ տարի չլուսանար։ Էս ի՛նչ է, էս սահաթս մթնեց, հիմի ուզում է լուսանա՞։

— Կուզե՞ս, մի սաղ տարի քեզ մի էնպես մութը տեղ գցեմ, որ սատանեն էլ չգտնի,— ասաց Հերիքնազը։

— Որտե՞ղ կգցես։

— Մեր մեծ տան ներսի օթախը։ Օխտը տարի կըլի էդ օթախը մարդ ոտք չի դրել։ Կուզե՞ս, արի գնանք տե՛ս։

Արզումանի հետաքրքրությունը շարժեցավ և իսկույն վեր կացա տեղիցը որ առանց ժամանակ կորցնելու տեսնի՝ ի՞նչ օթախ է այդ։ Արզումանը լսել էր սրանց մեծ տան համբավը, բայց ինքը չէր տեսել։ Մի անվառ ճրագ ու լուցկի վեր առան և մեծ տունը մտնելով ճրագ վառեցին։ Դիմացի պատերը Արզումանի աչքումը չերևացին և կարծեց թե տան մեջ չի։

— Ա՛խչի, էս ո՞ւր բերիր ինձ,— հարցրեց Հերիքնազին։

— Ա՛ռաջ արի, մի՛ վախենալ,— ասաց Հերիքնազը։

Արզումանը մի քանի քայլ առաջ գնալով ճրագը բարձրացրեց և սկսավ իր չորս կողմը նայել։ Ահագին մեծության, կոնաձև մի շինություն էր այս տունը, և վերև նայողին թվում էր, թե ուր որ է, պիտի փլի վրան։ Ութ սարսափելի հաստության սյուների վրա էին դարսված առաստաղի հաստ ու երկար գերանները, որոնք արդեն կիսով չափ փտել էին և մոտ էին կործանվելու։ Այդ իսկ պատճա–