Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/273

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՄԱՍՆ ԵՐԿՐՈՐԴ

Ա

Ամառն էր։ Դ… գյուղի ժողովուրդը սովորություն ուներ ամեն ամառ սար գնալու։

Գեղամա լճի հյուսիսային ծայրից սկսյալ, ուր ընկած են Դիլիջանու սարերը, մինչև Փարվանա լիճը, որ Ախալքալաքի և Ալեքսանդրապոլի մեջտեղն է գտնվում, բազմաթիվ լեռանց գոտիներ ու խումրեր կան, որոնց մեջ թեև չկա երևելի մեծության մի սար, որ գրաված լինի ճամփորդների ուշադրությունը, բայց իրենց ծաղկափթիթ գագաթներով և ականակիտ աղբյուրներովը երևելի են մեծամեծ լեռներեն անդամ։

Ահա այս սարերը, որ ձմեռ ժամանակ անմարդաբնակ են լինում և անհյուրընկալ իրանց բուր ու բորանով, ամառ ժամանակը կատարյալ դրախտի են փոխարկվում, հյուրասիրելով իրանց ստորոտներում և լանջերի ու գագաթների վրա անթիվ ոչխարներ ու տավարներ։

Որքան երևելի է Արագածը իր պատվական արոտատեղիներով ու անմահական ջրերովը (որո համար իսկ թարաքամեքը Ալա-յազ անուն են տալիս), որքան երևելի են Արցախի և Սյունիքի սարերը, նույնքան և ավելի ևս երևելի են Գուգարաց աշխարհի սարերը— Լալվարը, Լոքը, Ղարախալը, Ագրիղառը, Թելլիդաղը և ուրիշ անթիվ սարեր, որոնք կարծել են տալիս սարեցուն, որ եդեմական դրախտն այստեղ է եղել, ուր Ադամն ամառը բնակելով՝ ձմեռն արտաքսվել գնացել է Ղարայազ։

Այս սարերի մի քանիսի ստորոտում անտառներ էլ կան. այս կողմանե երևելի են մանավանդ Լոքի և Լալվարա հյուսիսային ստորոտները, որոնց շատ տեղերում, իրանց անթափանցելի է դժվարամատչելի լինելովը, կացնի ձայն չի լսված դեռևս։ Այս անտառների մեջ կա որսերի առատություն։ Այստեղ բոլուկներով խոզեր