Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/275

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տալիս, ութ֊ինը հրացան մեկեն արձակելով, գյուլլախորով են անում արի երիտասարդին։ Իր սիրելու մահը տեսնելով, Պողոսի նշանածը՝ Զառին՝ ընկնում է խանչալի վրա և ինքն իրան սպանում։ Եվ այսպես երկու անարատ հոգիք անթառամ պսակին են արժանանում։ Եվ ամեն անգամ, այնտեղով անցնելիս, մեծերը պատմում են փոքրերին այս անցքը, որ մեծ տպավորություն է գործում լսողների վրա։

Բ

Վարդավառի շաբաթ օրն էր։ Սարու յալը, որ վարդի կոկոնի նմանություն բերող մի սար է, հեռվից նայողին այնպես է թվում, թե ահագին մեծության մի ծաղկափունջ է։ Ի՜նչ գույնի ծաղիկ ասես, որ նրա վրա չկար, մին քան զմյուսը պայծառ, մին քան զմյուսը հոտավետ։ Հարս ու աղջիկ զուգվել, զարդարվել էին այդ օրը և այդ սարը ծաղիկ քաղելու էին գնացել, որ մյուս օրը կատարեն վիճակախաղի հանդեսը։

Չգիտեմ ինչիցն է, ամեն տեղ վիճակախաղի հանդեսը Համբարձման տոնին են կատարում, իսկ Ղարաբաղ և նույն տեղից գաղթածները՝ Վարդա վառին։ Այս էլ պետք է ասել, որ ոչ մի տեղ Վարդավառը այնպես փառավոր կերպով չի տոնվում, ինչպես Ղարարաղում։ Նրանք չեն ասում Վարդավառ, այլ Վրթևուր, որ կնշանակե վարդավոր, և այս է հենց այս տոնի էլ պատմական նշանակությունը, որովհետև Վարդավորը Անահիտն էր, որ ուներ վարդի մատ և ասվում էլ էր Վարդամատն։

Ծաղիկ քաղողների մեջն էր և մեր Հերիքնազը, որ ամեն ծաղիկ պոկելիս, ամեն մի խոտի դիպչելիս խղճահարվում էր, թե մեղք չե՞ն այս ծաղիկները, որ այսպես անգթությամբ կտրում, հեռացնում ենք իրանց արմատից, սրանք էլ հոգի ունեն, սրանք էլ մուրազը փորներումն են թողում։ Արդյո՞ք սերն էր նրան այս աստիճան քնքշացրել։ Որ ծաղիկը որ ավելի դալար, ավելի պայծառ էր լինում, նրանց չէր ղմըշում ձեռ տալ, աշխատում էր այնպես քայլել, ոտներն այնպես փոխել, որ ոչ մի խոտ չճխլի, չթառամեցնի։

Այս մտքի հետ ընկած՝ ի’նչ ասես երևակայում էր Հերիքնազը։ Մի ծաղիկ նրան թվում էր որպես նորահարս, մյուսը որպես նորափեսա, մեկը նորահարս, մյուսը դեռ մանուկ, մեկին պաչպչում էր