Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/276

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մեկէլի կշտին նստում, նալում էր, զմայլում, հիանում էր նրանց ձևերի կանոնավորության և համաչափության վրա և այնպիսի բաներ ու հատկություններ էր նշմարում, որ մինչև այսօր իր աչքին չէին զարնվել, իր ուշադրությանը չէին գրավել։ Մինչև այսօր նրանք անշունչ բաներ էին, որոնց պոկել և հոտ առնել կարելի էր միայն առանց դնելու. բայց հիմի բոլորն էլ շունչ, բոլորն էլ հոգի առած իրա հետ խոսում էին։ Այնպես էր թվում Հերիքնազին, որ այս ծաղիկները իրան լավ ճանաչում են, գիտեն նորա անցյալը, ներկան - ու ապագան, միայն լեզու չունին, որ հայտնեն իրան, մխիթարեն նրա տխրած սիրտը։ Մյուս աղջկեքը ուրախ ու զվարթ երգելով, իրարու տակ ու գլուխ ընկնելով, գլորվելով վազվզում էին մեկ թուփից մյուս թուփը, մեկ ծաղկից դեպի մյուսը, ասում էին՝ տեսնե՛նք ո՛վ շուտ կհասնի էն բարձր աղնթափի ծաղկին, ո՛վ շատ կքաղի ո՛վ ավելի շատ գույն ծաղիկներ կունենա», և այսպես վազվզելով բավականին հեռանում էին, իսկ Հերիքնազը չէր մասնակցում նրանց զվարճությանը, չէր վազում նրանց հետ, նա կարծես գիտությամբ ետ էր մնում, որ մենակ մնա և շատ էր սիրում այդ մենակությունը։ Մյուս աղջկեքը հասել էին սարի գագաթը,բայց ինքը դեռ նոր ստորոտումն էր և չէր էլ ուզում նրանց հետևից հասնել, որ չզրկվի իր քաղցր ցնորքներից։

Արդեն հինգ ամիս էր անցել, ինչ որ Արզումանին չէր տեսել, նրանից ոչ մի համբավ չուներ։ Այգ հինգ ամիսը հինգ տարուց ավելի էր թվում Հերիքնազին։ Հինգ ամսվա մեջ բավական կերպարանափոխվել էր Հերիքնազը։ Նրա աչքերը, որ առաջ էլ Հայկուհու աչքեր էին՝ թուխ֊թուխ, խոշոր ու վառվռուն, բայց մի տեսակ ապշություն ունեին, որ բնական է անկիրթներին, այժմ այդ աչքերի փայլն ու հայեցողությունը մի նոր կերպարանք, մի նոր զորություն էին ստացել, որով թափանցում էր նա դիտելի առարկայի մեջ, թափանցում էր մարդու սրտի և հոգու խորքերը։ Նրա դեմքի գծագրությունը առաջ էլ գեղեցիկ էր, բայց այժմ փոխվել էր արտահայտությունը, որ ավելի վսեմ, ավելի սքանչելի էր։ Առաջ նա մի գեղեցկության կուտակություն էր, ինչպես վարդը կոկոնի մեջ, իսկ այժմբացվել էր իր բոլոր շքեղությամբ։ Առաջ նա մի գեղեցկուհի էր,իսկ այժմ մի աստվածուհի արամազդյան գերդաստանից, որ Հելիկոնյան լեռներից տեղափոխվել էր Սարի յալ, որ մի քիչ ժամանակ անցկացնի հողեղենների հետ։ Չքնաղատիպ, աննման արարած, պաշտելի՜ Հերիքնազ…