Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/282

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Հերիքնազը երկու մատանի ուղարկեց Մարիամի ձեռով, որ գցի բղուղի մեջ։ Մատանիքներից մեկն իր համար էր, իսկ մյուսն Արզումանի։ Այդ մատնիքները հանեցին թե չէ, նրանց հարևանի աղջիկը բերավ Հերիքնազին տվավ և պատմեց, թե որի համար ինչ վիճակ դուրս եկավ։

— Դե ասա տեսնեմ, Մագթաղ ջան, սրա համար ինչ դուրս եկավ,– ասաց Հերիքնազը իր մատնիքի համար։

— Դրա համար Դախունց Թելլուն ասաց.

Սիրել եմ սերն էրեսին,
Ըռեհան թերն էրեսին,
Ով իմ սիրածն ինձ չըտա,
Աստծու կրակն էրեսին։

— Ամեն,— ասաց Հերիքնազն ուրախանալով— Դե հիմի էլ էս ասա, սրա համար ինչ դուրս եկավ։

— Դրա համար էլ Գյուլջըհանն ասաց.

Այ աղա, թաղովն արի,
Ոտներդ շաղովն արի,
էս թաղը ղալմաղալ ա,
Ման տուր, էն թաղովն արի։

— Արի՜, հոդիս, արի,— մռմռաց Հերիքնազու— հո սուտ չե՞ս ասում, Մադթաղ, ըղորդ էդպես դուրս եկա՞վ։

— Սուտ չեմ ասում, իմ ախպոր ազիզ արևը։ Ում համար ինչ դուրս է եկել, բոլորն էլ միտս է։ Ձեր Մարիամի համար տես ինչ դուրս եկավ։

Մի ծառ ունիմ թըբըլղի՛
Պտուղն է օձի լըղի՜
Իմ հորն ու մորն ի՜նչ ասեմ,
Ինձ տըվին ղարիբ տըղի։

- Խեղճ Մարիամ, բայց հերն ու մերն ի՞նչ անեն, նրանք հո չեն ավել։ Ես ու լինեի, կասեի՝