Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/285

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

եկած օգնությունն անե նրան և մխիթարած պահե։ Հերիքնազի էլ ուզածն այդ էր։ Նա ամեն օր պառավի ոտներն էր լվանում, շաբաթը երկու անգամ գլուխը, երկու շաբաթը մեկ անգամ լողացնում էր, ջուրը բերում էր, կովը կթում, կերակուրն եփում, շորերը լվանում, կարկատում, ամեն ազիզ կերակուրից նրա բաժինը պահում, ուտեցնում, ամեն երեկո տեղը շինում, քնացնում։ Շատ անգամ էլ՝ Շամիրը տանը եղած ժամանակը, ինքը գնում էր պառավի մոտ քնում, նրան գգվում, համբուրում, իր սիրելու կարոտը նրանից առնում։ Երբ որդուն միտն էր բերում, ուզում էր լաց լինի, Հերիքնազը չէր թողնում, այնպես էր հույս տալիս նրան, մրխիթարում, որ խեղճը սուս էր կենում։ Խեղճ պառավը չէր իմանում ինչպես շնորհակալ լինի այս երկնային հրեշտակից։ Նա չէր իմանում, որ սրանք որևիցէ հարաբերություն են ունեցել կամ ունեն իր որդու հետ։ Որտեղ նստում էր, Մարիամի ու Հերիքնազի գովասանքն էր անում, նրանց օրհնում։

— Ախչի Հերիքնազ, հանաքը դենը կենա, ասում են դու Արզումանին սիրում ես, ըղո՞րդ է,— հարցրեց Մագթաղը պարդասրտությամբ։

— Ի՞նչ կլինի, որ ըղորդ լինի,— պատասխանեց Հերիքնազը։

— Ի՜նչ պիտի լինի, է՛ն կլինի, ինչ որ էլել է Քարամուն ու Ասլուն. նրանց պես կէրվիք, ծեր մուրազին չեք հասնիլ։

— Ես լավ կհամարեմ նրա սիրովն էրվեմ, քան թե մի ուրիշի սիրովը կանանչեմ, էդ էլ գիտե՞ս։

— Դու լավ կհամարես, բայց թե քեգ թողնեն է՜․․․ Ես էլ ուզում եմ Գրիգորի սիրովն էրվեմ, բայց իմ հերն ու մերն ասում են. «Ուզես, չուզես, քեզ պիտի Կիրակոսին տանք»․․․ է՜, Հերիքնազ ջան, ես էլ դարդեր ունիմ քեզ նման, շատ անգամ որ ինձ ու ինձ միտք եմ անում, ասում եմ, մենք էլ ինչացո՞ւ ենք, որ իսկի մարդու տեղ չեն դնում, հենց ում ասես՝ տալիս են, ուր ասես՝ շպրտում են. էլ ոչ հարցնել կա, ոչ դես, ոչ դեն։ Բայց էլի քո բանն իմիցը դժվար է։ Ես որ ուզենամ Գրիգորին կսովորեցնեմ, մի գիշեր կգա կփախցնի կտանի։ Մի քիչ ղալմաղալ կանեն, հետո կհաշտվեն։ Բայց քեզ որ փախցնեն, պիտի օլքա-օլքա կորցնեն, էլ ոչ դու կտեսնես մեզ, ոչ մենք՝ քեզ։ Դու էդ կանե՞ս։

— Ինչի՞ չեմ անիլ, երբ տեսնեմ ուրիշ հնար չկա։ Ինձ համար էնտեղ է լավ, որտեղ որ ինձ սիրում են։

— Մի՞թե մենք չենք սիրում քեզ. ումնի՞ց ես մի դառը, մի