Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/288

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

― Խե՛ր խաբար, լոխ էլ լավ ըն, ձեր տղեքը թխվայ ըն, սըրտնեն մածուն ա օզում։

Թաթոսը գլուխը տմբտմբացրեց, որով ուզեց ասել՝ պետք է մածուն հասցնել տղերանցը։

— Շամիր, ասում են՝ ճաղացանց տղեքը Հանեսի գլուխը պատոել են, ըղորղ է՞,— հարցրեց մեկը։

— Ի՛նձ հարցրու էդ բանը, Շամիրն ի՞նչ գիտե։ Ճաղացանց տղեքն ինչ ասես՝ կանեն, իրանք օխթն֊ութ հոգի, Հանեսը մեն–մենակ։ Գցում են արխի մեջը, բահով էնքան խփում են գլխին, որ քիչ է մնում մեռնի,— ասաց տաշ անողներից մեկը Վարդան անունով, ուրագն ուսին գնելով և դառնալով դեպի Թաթոսը, գոչեց բարձրաձայն.

— Ա՛ Հըլիվոր, ինչի՞ քու շների կապը չես քաշում, մարդ պետք է Արզումանի նման գլխիցը ձեռք վերցնի, որ ձեր հետ խոսի՞։ Էլ ոչ ջուրվարի եք մտիկ տալիս, ոչ քյոխվի եք ականջ դնում, էդ ի՞նչ անաստվածություն է, որ դուք անում եք։ Ասում եմ ջուրը նոբաթով է, նոբաթն իմն է, ջուրավարն ինձ է տվել ջուրը, նրանք կատաղած շների նման վրաս թափվեցին, քիչ էր մնում սպանեն։ Ասած է. «Խոփըդ սուր է, հանդը բաժանովի է», ասենք՝ ես մի մենակ տղա եմ, քոմակ չունիմ, հենց պիտի ինձ ոտի տակ գցե՞ք։ Էնպես բան արեք, որ աստված վեր կալնի, թե չէ՝ Սուրբ Սարգսի անունը վկա, մի օր էլ ես ձեռք կվերցնեմ գլխիցս, էն ժամանակը կտեսնենք ո՞ւմ մերը տղա կբերի։

Այս խոսքերի վրա ամենքն էլ իրանց գործիքները դադարեցրին և տեղնուտեղը լսողություն դառան։

― Ա՞յ տղա, ի՞նչ ես հաչում, ի՞նչ ես գլխիցդ սարսաղ֊սարսաղ դուրս տալիս,— ասաց թաթոսը և շարունակեց ավելի բարկանալով և սպառնալով,— Արզումանի նման շանի՞ցն ես օրինակ առնում։ Մարդասպանը դու ես, որ մարդասպանին ես պաշտպանում։ Համբերիր, մեկ մողրովը գա՜, տես քու կաշին ինչպես եմ մաշկել տալիս։

― Ես ու իմ աստվածը, Արզումանն էնպես անմեղ էր, ինչպես աստըծու գառը։ Քյոխվեն նրան տափ էր տվել, նա էլ գնացել էր վարելու։ Ձեր բաղի տակի հողը, ներքի հողերի քյոնդալանը, վերի հողերի դիքավարը, քոլաբերանքի սպիտակ հողը, Դամիյի չորս օրավար տեղը, որ ունիք հիմի, ո՞ւմն են էդ տափերը, Արզոլմանի հորը չէ՞ր, ինչի՝ գցեցիք ձեր ճանգը. բա դու չես ամանչո՞ւմ, սաղ գեղը քանդում, տակն ու վրա ես անում, բա դու աստված չունե՞ս..․