Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/289

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Տեսնում ե՞ք, ա՜յ խալխ, տեսնո՞ւմ եք էս շանն ինչեր է հաչու՞մ…

— Վարդան, մի՛ վախիր, մեկ լավ վեր ածա դրա աբուռը՝ քանի որ մենակ է,— շշնջաց Վարդանին մի երիտասարդ, բայց Պաթոսը կարծեց թե նա ասում է՝ «սու՛ս կաց, ամոթ է, ծեր մարդ է, էդպես բաներ մի՛ ասիր», և սկսեց ավելի կատաղել։

— Կա՛ց, ես քու բլբլան լեզուն կկտրեմ տակիցը։ Գիշերս Արզումանն ի՞նչ էր շինում քու կշտին. ասա՛ տեսնեմ, դու ի՞նչ իրավունքով ես մարդասպանին տեղ տալիս, ասա՞ տեսնեմ։

— Մոգոնիր, մոգոնիր, որքան կարաս, շառեր մոգոնիր, ես քու հնարած սուտերիցը վախող չեմ։ Արզումանին ո՞վ է տեսե ինձ մոտ, վկա ունի՞ս, դե հիմի դո՛ւ ասա տեսնեմ։

— Էս սաղ խալխը քոռ հո չե՞ն, բոլորն էլ վկա չե՞ն։

— Խալխին ո՞ւր ես վկա կանչում, Թաթոս բիձա. խալխիցը մեկն էլ ես եմ։ Արզումանի երեսը չեմ տեսել,— ասաց մեկը, գլուխը բարձրացնելով և կոշտացած ձեռքով ճակատի քրտինքը սրբելով։

— Ա՛յ խալխ, ա՜յ ջամհաթ, չեք լսե՞լ, որ Արզումանին թե օրը ցերեկով, թե կես գիշերին տեսել ե՞ն,— բղավեց Թաթոսը։

— Լա՛վ, որ տեսել են, Վարդանի մոտ հո չեն տեսել,— ասաց Մինաս անունով մեկը։— Արզումանին աղջկեքն են տեսել ծաղկաքաղին. Շամիրի կնկա հետ է խոսեցել. գիշերն էլ վերի աղբյուրի մոտ են տեսել, էլի Մարիամի հետ։

— «Կես գիշերին, Մարիամի հետ»,– շշնջաց Շամիրը, չհավատալով իր ականջներին։— Մինաս, տյու ինքըդ հըսկանում ը՞ս, էդ հինչ ըս ասո՞ւմ,— հարցրեց Շամիրը։

— Ինչպես թե «հըսկանում ըս», խուլ հո չե՛մ, Արզումանին տեսել են քու կնկա հետ խոսելիս, ուրիշ մարդի մոտ չեն տեսել։

Շամիրի ջանը դող ընկավ, ձեռքերն սկսեցին դողդողալ, էլ բան չկարաց շինել, վեր կացավ փընթփընթալով գնաց։ Շատերն այդ նկատեցին և կասկածի մեջ ընկնելով՝ գլխները քաշ գցեցին։ Նրա քամակից հեռացավ և Թաթոսը։

— Էս ճաղար քոփակիցը մարդու խեր չի հասնիլ. սիրտս ասում է՝ էլի մեկ արյուն պիտի պատահի։ Մինաս, դու էլ որ մի քիչ լեզուդ բերանումդ պահեիր, չէր լինի՞ր։ Շամիրը որ կա՝ բըռի արջ է. հիմա պիտի գնա կնկանը ոտի տակը գցի, տրորի, ես գիտեմ նրա խային խասյաթը։