Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/296

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

համար, որ մենք անմեղ ենք, բայց արզան հենց իրեն Սուլխանովի ձեռքն է ընկնում, նա պիտի լիներ գեղըցոց խնդիրքի կատարողը, բայց նա այն թղթերը կամ կէրեր, կամ դեն կգցեր։ Հիմի էլ որ միտս է գալիս, ջանըս փշաքաղվում է։ Ախըր երբ որ պատժողդ ու ազատողդ քո թշնամին է, էլ ի՞նչ կարող ես անել նրան․

- Մա՛խլասի, գեղըցու բանը մի դարդ ու բալա է,— ասաց Վարդանը։— Մենք որ կանք, էրեխի պես բան ենք։ Էրեխեն որ պահող չունենա, ջուրն էլ կընկնի, կրակն էլ, ինչ ասես կպատահի, մենք որ մեր գլուխը չպահենք, ոչով մեզ իշի տեղ էլ չի դնիլ։ Մարդ իմանա, ինչ է մեր մեղքը, որ էս օրին ենք…

— Գառների մեղքն ի՞նչ է, որ գայլերն ուտում են։ Մեր մեղքն էն է, որ մենք ոչխար ենք՝ գայլերը մի կողմից պիտի ուտեն, մարդիկը մեկէլ կողմից կթեն ու խուզեն։ Իսկի տեսած կա՞ք, որ մեկը գա մեզ համար մի բան բերի, մի բան տա. դիփ էլ տանում են ու տանում։ Էսօր գնա ճամփա շինի, էգուց գնա մորեխ կոտորի, էսօր էս տար, էգուց էն, իշի պես բանեցնում են, ոչխարի պես խուզում, ո՞վ է մեր տերն ու տիրականը։ Գող ու ավազակ մի կողմից են թալանում, մողրով ու յասաուլ մեկէլ կողմից ծեծում, ջարդում, թավադներն էլ ջոկ են մեր միսն ուտում, արյունը ծծում, որը զոռով, որն էլ խաբելով։ Ի՜նչ սատանություն ասես, որ դրանք չեն անում, ո՛չ աստծուն են հավատում, ո՛չ թագավորից վախում, ո՛չ ամոթ ունեն, ո՛չ երկյուղ։ Ա՛յ էդ Շաքարոն, որ էդքան տեղեր զավթել ուտում է, գիտեք ինչպես խաբեց մեզ։ Դա մի խեղճ մարդ էր, մի խեղճ սելապան, քաղքումը սելապանություն է անում, շիրաջիների համար Կախեթից գինի էր կրում. ձկնապանների համար Սալյանից՝ ձուկը։ Մի ձմեռ ալափ չուներ, որ եզինքը պահել էր, դիփ էլ կոտորվեցին, մնաց խեղճ։ Քաղքիցը վեր կացավ եկավ մեր դերը, մի բոստանի տեղ ուռեց մեր խալխիցը, նրանք էլ տվին, թե՝ խեղճ մարդ է, թող իրա համար մի բան սերմի, մի բան աշխատի տանի իրա օղլուշաղը պահի։ Շաքարոն դառավ բոստանչի․ ամեն տեսակ կանաչեղեն ցանեց—լոբի։ սիսեռ, սոխ, սխտոր, բակլա դդում, քալամ, կարտոֆիլ, թամբաքու․ մի խոսքով ինչ ասես—խիար, խարբուզակ, ձմերուկ, տակ, գազար։ Կշտին էլ մի դագա էր շինել, էնտեղ էր կենում գիշեր֊ցերեկ։ Մեկ-երկու տարի անցկացավ, մի քանի շահի աշխատեց, մեր տերտերի հետ ընկեր դառավ ու նրա հետ բոստանը չափարեց բաղ շինեց, կշտին էլ մի ջաղաց։ Մեկ-երկու տարի էլ անցկացավ, տերտերը մեռավ, բադն էլ, ջաղացն էլ մնաց